Թուրքիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. կոմպոզիտոր

19.12.2008, 16:53
Թուրքիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. կոմպոզիտոր

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Թուրքիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ թուրք հասարակությունն արդեն հասունացել է այդ քայլի համար, կարծում է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։

«Մոտ է այն պատմական պահը, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Թուրքիայում սկսված մտավորականների շարժումը վկայում է այն մասին, որ թուրքական հասարակությունում որոշ փոփոխություններ են կատարվում։  

«Շուտով պաշտոնական Անկարային այլևս ոչինչ չի մնա, քան ճանաչել 1915 թ.-ին տեղի ունեցած ոճրագործությունը»,- ասաց Գևորգյանը։

Երգահանը կարծում է, որ պետությունների միջև շատ լուրջ հարցեր հնարավոր կլինի լուծել մշակութային երկխոսության ճանապարհով։ Միաժամանակ, նրա կարծիքով, «Հայաստանի ու Թուրքիայի միջև ոչ մի բարիդրացիական հարաբերության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Անկարան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Երկուշաբթի Թուրքիայի մտավորական վերնախավի շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ են արել վերջ տալ բազմամյա անարդարությանը՝ կապված պաշտոնական Անկարայի կողմից 1915 թ.-ին ներկայիս Թուրքիայի նախորդ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերքելու հետ, երբ սպանվել են շուրջ 1,5 մլն հայեր։   

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-