ֆրանսիական Օrange ընկերությունը դարձավ Հայաստանի երրորդ բջջային օպերատորը

Ֆրանսիական ORANGE ընկերությունը դարձավ Հայաստանի երրորդ բջջային օպերատորը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։
«Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչվեց ֆրանսիական Orange ընկերությունը։ Նման որոշում հոկտեմբերի 7-ին կայացրեց մրցութային հանձնաժողովը»,- ասաց Տոնոյանը:
Նախօրեին բացված մրցութային առաջարկությունների փաթեթների արդյունքներով Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն է ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։ Մրցույթին մասնակցած մյուս երկու ընկերությունները արտոնագրի համար զգալիորեն քիչ գումար էին առաջարկել, մասնավորապես, Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն 660 հազար։
«Ըստ հաստատված կանոնների, Orange ընկերությունը պետք է այսօրվանից, այսինքն մրցույթում հաղթողի հայտը հրապարակելուց հետո, 10 օրվա ընթացքում գրանցի տեղական ընկերություն և մի շարք այլ ընթացակարգեր անցնելուց հետո, մինչև 2008 թ.-ի դեկտեմբերի 15-ը ստանա վերջնական լիցենզիա՝+ 374 (0)55 և + 374 (0)95 կոդերով համարներ տրամադրելու հնարավորությամբ», - ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղարը։
Ինչպես նախօրեին նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ընկերությունը կկարողանա հայկական շուկայում ծառայություններ մատուցել վերջնական լիցենզիան ստանալուց հետո կես տարվա ընթացքում։
Բջջային երրորդ օպերատորին GSM լիցենզիա տրամադրելու մրցույթը Հայաստանը հայտարարել է հուլիսի 18-ին։ Մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 17 ընկերություն, սակայն նախնական որակավորման փուլ էր անցել դրանցից միայն երեքը՝ France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ Orange ընկերությունը, ինչպես նաև Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը և Շվեդական Tele-2 ընկերությունը։
Ներկայումս հայկական շուկայում գործում են բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։-0-