ՀՀ նախագահը հույս ունի նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնել է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին ուղղված Երևան այցելելու հրավերը՝ սեպտեմբերի 6-ին 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։
Հինգշաբթի լույս տեսած «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ Գյուլի այցը Հայաստան չափազանց կարևոր է համարում՝ նորմալացնելու համար հարաբերությունները երկու հարևան երկրների, որոնց միջև բացակայում են դիվանագիտական կապերը, իսկ սահմանն արդեն 15 տարի փակ է։
«Եթե ես չհամարեի այս այցելությունը կարևոր, ապա չէի հրավիրի հարգելի պարոն Գյուլին։ Մենք հարևաններ ենք։ Դժվար ժամանակներ ենք ապրել համատեղ պատմության ընթացքում։ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ զարգացնել և նույնը սպասում է Թուրքիայից», - ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պաշտոնական Անկարան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախադրյալներ է համարում բազմամյա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությանից հրաժարվելը, երբ զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ։
Այս տարվա հուլիսին Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները Շվեյցարիայում փակ բանակցություններ են անցկացրել, որոնք նվիրված էին երկկողմ հարաբերությունների նորմալացմանը։ Մեկնաբանելով դրանք՝ թուրք վերլուծաբանները նշում էին, որ նրանք կարող են դրական պաշարներ ստեղծել՝ Անկարայի և Երևանի միջև պաշտոնական երկխոսության հաստատման համար։
Պատասխանելով թերթին տված հարցին, թե արդյոք նա հավատում է փակ բանակցությունների դրական ելքին՝ ՀՀ նախագահն ասել է, որ «չէր աջակցի դրանց, եթե հույս չունենար»։ Միաժամանակ Սարգսյանն ավելացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման ընթացքն իսկ վկայում է, որ երկու երկրների առաջնորդները գտնվում են կարևոր որոշումների ընդունման նախաշեմին։
«Դրանք չեն լինի հասարակ որոշումներ և լիարժեք հավանության չեն արժանանա Հայաստանում և Թուրքիայում։ Սակայն ես համոզված եմ, որ դրական որոշումներն աջակցություն կգտնեն երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների մեծամասնության շրջանում», - նշել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը նաև ասել է, որ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի համարում դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար պարտադիր նախապայման։
«Դուք չեք հանդիպի աշխարհում որևէ հայի, ով չի հավատում, որ ցեղասպանություն չի եղել։ Միաժամանակ մենք ոչ մի դեպքում չենք դիտում ցեղասպանության փաստի ճանաչումը՝ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման պայման։ Հենց այդ պատճառով մենք խոսում ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին», - ասել է ՀՀ նախագահը։
Խոսելով սպետեմբերի 6-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպման մասին՝ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների ազգային հավաքականները կհանդիպեն առաջին անգամ։ «Այս իրադարձությունը կարող է կարևոր հնարավորություն դառնալ մեր հարաբերությունների զարգացման համար», - նշել է ՀՀ նախագահը։
Թուրք առաջնորդը դեռևս որոշում չի ընդունել Երևան այցելելու վերաբերյալ։
«Ես դեռևս վերջնական որոշում չեմ ընդունել՝ Հայաստան այցի նպատակահարմարության վերաբերյալ։ Մենք քննարկում ենք հարցն՝ արդյոք դրանից օգուտ կլինի, թե ոչ», - ասել է Գյուլը չորեքշաբթի թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։-0-