11 հայ զինծառայող է տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով
Նախօրեին երեկոյան Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետևանքով շրջվել է զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը, կան տուժածներ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Միջադեպը տեղի է ունեցել Իջևանի մերձակա գյուղական ճանապարհին։
«Զոհեր չկան, սակայն ավտոբուսում գտնվող 26 զինծառայողներից 11-ը վիրավորվել են։ Այժմ նրանք գտնվում են «Երևան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գնդապետը։
Նրա խոսքերով, զինծառայողներից մեկը ստացել է գանգի կոտրվածք, նրա առողջական վիճակը բժիշկները ծանր են գնահատում։
Շահսուվարյանը նշեց, որ մյուս տուժածների վիճակը գնահատվում է կայուն, նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նա հայտնեց, որ այս պահին կատարվում է նախաքննություն, դեպքի պատճառները պարզվում են։ -0-