Լույս է տեսել «Բոլոնիայի գործընթացը Հայաստանում» ուղեցույցը
Լույս է տեսել «Բոլոնիայի գործընթացը Հայաստանում» ուղեցույցը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
«Ուղեցույցը ներկայացնում է գործընթացի նպատակներն ու խնդիրները, ինստիտուցիոնալ կառուցվածքը, պատմական ակունքները և զարգացման ժամանակագրությունը, ինչպես նաև՝ Բոլոնիայի գործողությունների սահմանած 10 ուղղությունների զարգացման ու Եվրոպայում և Հայաստանում առկա վիճակի վերաբերյալ տեղեկություններ»,- նշեցին մամուլի ծառայությունից։
Գիրքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, բուհական վարչակազմի ներկայացուցիչների և տվյալ ոլորտի զարգացումներով հետաքրքրված հանրության համար։ Ուղեցույցի հեղինակներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնի) նախկին ռեկտոր, ակադեմիկոս, Յուրի Սարգսյանը և դոցենտ Արմեն Բուդաղյանը։
Ուղեցույցը հրատարակվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհի միջոցներով և կտարածվի անվճար։
Բոլոնյան հռչակագիրը ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 18-ին՝ Իտալիայում, այժմ Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր։
Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին՝ իր վրա պարտավորություն վերցնելով՝ մինչև 2010 թ.-ը դրա պահանջներին համապատասխանեցնելու բուհական և հետբուհական կրթությունը։ 2006 թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնյան կոնվենցիայի սկզբունքների իրականացման ժամանակացույցը։
Երկրում արդեն աշխատանքներ են ընթանում՝ սերտիֆիկացման, կրթական ծրագրերի և առարկայական ծրագրերի վերանայման ազգային համակարգի մշակման ուղղությամբ՝ կրեդիտային համակարգ ներդնելու, բյուջետային նոր սխեմաների և ֆինանսական կառավարման մոդելների մշակելու նպատակով։-0-