«Էրեբունի» արգելոց-թանգարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում սկսվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, հաղորդեց թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը։
«Վերանորոգման աշխատանքներից հետո թանգարանը կհամապատասխանի գոնե միջին միջազգային չափորոշիչներին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Փիլիպոսյանը։
Նրա խոսքով, վերոնորոգման աշխատանքների համար հատկացվել է 30 միլիոն դրամ (մոտ 96,7 հազար դոլար), և այդ միջոցների հաշվին արդեն վերոնորոգվել են թանգարանի նախասրահը և սանհանգույցները։
Փիլիպոսյանն ավելացրեց, որ թանգարանի ներսում հատուկ պահպանության ծառայության համար տարածք է հատկացվել և վերանորգվել։
«Այժմ արդեն պահպանողները գտնվելու են անմիջապես թանգարանի ներսում, ինչը կապահովի թանգարանային նմուշների անվտանգությունը»,- ասաց Փիլիպոսյանը։
Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ վերանորոգման ծրագրի շրջանակներում կվերականգնվեն նաև միջնաբերդի պատերը։
«Մենք մտադիր ենք ավելացնել միջնաբերդի պատերի բարձրությունը, ինչը կապահովի ողջ տարածքի անվտանգությունը և կբացառի գիշերային հյուրերի այցելությունները»,- ավելացրեց նա։
Միաժամանակ թանգարանի տնօրենն ավելացրեց, որ վերանորոգման աշխատանքները բավական լայնամասշտաբ են և կավարտվեն 2-3 տարվա ընթացքում։
«Այսօր անլուծելի են մնում բազմաթիվ հիմնախնդիրներ, և ես հույս ունեմ, որ վերանորոգումից հետո դրանց որոշ մասը կլուծվի»,- ասաց նա։
Տնօրենի խոսքով, «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող ամրոցը պարբերաբար վերականգնվել է, սակայն թանգարանի շենքն արդեն 5 տարի է, ինչ չի վերանորոգվել։
Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։
1950թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի հզոր պատերը՝ դարպասներով, պալատը, երկու տաճար և տնտեսական շինություններ։ Էրեբունու տարածքը վերածվել է հնագիտական արգելոց-թանգարանի։--0—