Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ հայ-վիետնամական հարաբերությունները կակտիվանան

24.03.2008, 19:44
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ հայ-վիետնամական հարաբերությունները կակտիվանան

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ընդունելով Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինի հավատարմագրերը, հույս հայտնեց, որ հայ-վիետնամական հարաբերությունները կակտիվանան։

«Օսկանյանը նոր դեսպանին հաջողություն մաղթեց նրա բարձր առաքելության կատարման գործում և հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վիետնամական  հարաբերությունները նոր զարկ կստանան»,-ասվում է  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տրամադրած հաղորդագրության մեջ։

Նախարարը հատուկ ընդգծեց հայ և վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապն ու վերաբերմունքը: 

Երկուստեք նշվեց, որ երկու երկրների միջև չկան չհամաձայնեցված հարցեր, քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընթանում է հաջողությամբ:

Տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս զրուցակիցները նշեցին, որ թեև գոյություն ունի որոշակի իրավապայմանագրային դաշտ, այդուամենայնիվ, այն ընդլայնման կարիք ունի՝ տնտեսական հարաբերությունները զարգացնելու, նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Քննարկվեցին նաև տուրիզմի բնագավառում համագործակցության, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի այցելություններ սահմանելու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցեր:

Բույ Դին Զինը ծնվել է 1951թ. Նինհ Բինհում: 1974թ. ընդունվել է Հանոյի օտար լեզուների համալսարան: 1974 -1980թթ. սովորել է Կիևի պետական համալսարանում:

1980թ. ընդունվել է աշխատանքի ԽՍՀՄ-ում ՎՍՀ դեսպանությունում` որպես կցորդ: 1984թ. աշխատանքի է անցել ՎՍՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում: 1996թ. նշանակվել է դեսպանորդ՝ Ուկրաինայում ՎՍՀ դեսպանությունում։

1996թ. նշանակվել է դեսպանորդ Ուկրաինայում ՎՍՀ դեսպանությունում, 1999թ.` ՎՍՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ, 2002թ.` նույն վարչության գլխավոր տնօրեն, 2007թ` ՎՍՀ ԱԳՆ-ում՝ ԱԳ նախարարի օգնական (փոխնախարար)։

2007թ. սեպտեմբերից` ՌԴ-ում ՎՍՀ դեսպանն է: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

1992թ. Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերություններ են ստեղծվել։ 2002 թ. Չինաստանում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով  նշանակվել է Հայաստանի դեսպան Վիետնամում։-0-