Ղարաբաղի Պաշտպանության բանակը վերահսկում է ղարաբաղյան սահմանի իրավիճակը. նախարար

06.03.2008, 15:14
Ղարաբաղի Պաշտպանության բանակը վերահսկում է ղարաբաղյան սահմանի իրավիճակը. նախարար

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրեբեջանի շփման գծում, որտեղ երկու օր առաջ  ռազմական  բախում էր տեղի ունեցել, ներկայումս գտնվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի հսկողության տակ, այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ` դրանով իսկ կոպտորեն խախտելով 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի պահանջները: Սակայն ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն-գրոհային խումբը ետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ:

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձեց ստուգել ղարաբաղյան բանակի մարտունակությունը»,-կարծում է նախարարը։

Գեներալ-լեյտենանտի խոսքերով, ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի պահակակետում յոթ զինծառայող է եղել, ովքեր ստիպված են եղել մարտով նահանջել, սակայն շուտով ղարաբաղյան ուժերն անցել են հակագրոհի և ազատագրել են դիրքը։

Ղարաբաղի պաշտպանկան գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ համաձայն դեռևս չստուգված հատախուզական տվյալների, ադրբեջանական կողմը 11 մարդ է կորցրել, չորս դիակ մնացել է ղարաբաղյան դիրքերում։

«Որպես բարի կամքի դրսևորում՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը որոշել է վերադարձնել զոհվածների մարմինները՝ նախօրեին դրանք հանձնելով ադրբեջանական կողմին»,-նշեց Հակոբյանը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը հերքեց ԼՂՀ Պաշտպանության բանակի ունեցած մեծ կորուստների մասին լուրը՝ ասելով, որ մարտի ընթացքում վիրավորվել են ղարաբաղի երկու զինծառայողներ։

«Նրանցից մեկը թեթև վիրավորվել է ձեռքից և ինքնուրույն իր մեքենայով հասել մինչև հոսպիտալ, իսկ երկորդը մարտից հետո վնասվել է հակառակորդի ականից՝ վնասելով երկու ոտքը»,-հայտնեց Հակոբյանը։-0-