Վատիկանի պետական քարտուղարը ժամանել է Հայաստան

Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն Հայաստանի կառավարության և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով երեքշաբթի ժամանեց Երևան, հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանում ստեղծված իրավիճակում մենք մեծ կարևորություն ենք տալիս կարդինալի այցին, քանի որ կարծում ենք, որ հոգևոր անձի կոչը կարող է կարևոր նշանակություն ունենալ»,-ասաց նա երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։
Օսկանյանը հայտնեց, որ ներկա պահին կարդինալը գտնվում է Էջմիածնում, որտեղ հանդիպում է Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին Բ-ի հետ։
ԱԳՆ ղեկավարի խոսքերով, մարտի 5-ին ծրագրված են կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Օսկանյանը նկատեց, որ պետքարտուղարի այցը, որը ծրագրված էր մարտի 3-ին, հետաձգվել էր տեխնիկական պատճառներով։
Այցի ընթացքում Երևանում նախատեսված են Վատիկանի պետական քարտուղարի այցելությունները Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Մայր Թերեզայի քույրերի կենտրոն, Նորքի Հայորդաց տուն, Ավանի Մխիթարյան կենտրոն և Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի:
Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն կմեկնի նաև Շիրակի մարզ, շրջայց կկատարի Օշական գյուղում, Փանիկ գյուղում կայցելի Ներսես արք. Տեր Ներսեսյանի գերեզմանին, կհանդիպի կաթոլիկ համայնքի հետ։ Գյումրիում կարդինալը կայցելի նաև Հայ Կաթողիկե առաջնորդարան:
Վատիկանի պետքարտուղարը կայցելի նաև Խոր Վիրապ, Նորավանք և Գեղարդ։-0-