Արման Մելիքյանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև
Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, ով մասնակցում էր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին, պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև՝ հաշտեցնելու նպատակով։
«Այսօր հայ հասարակությունը խիստ բևեռացված է, ինչը ակտիվ նախընտրական քարոզչության հետևանք է։ Այս ընտրությունները փոխադարձ ատելության արտահայտություն դարձան, և ժողովուրդն ընտրեց ոչ թե այն թեկնածուին, ում համակրում էր, այլ քվեարկեց նրա դեմ, ում չէր ընդունում»,-ասաց Մելիքյանը ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, հասարակությունը կանգնած է եզրագծին, որից հետո կարող են լուրջ ընդհարումներ սկսվել։
«Երկարատև կտրվածքով հասարակության և պետության փոխվստահությունը լուրջ ձևափոխման կարող է ենթարկվել, և մենք պետք է դրան խանգարենք»,-ասաց Մելիքյանը։
Նրա խոսքերով, ստեղծված իրավիճակից ուժային ելք լինել չի կարող, և իրավական դաշտում կիրառելի ելքեր հնարավոր չէ գտնել։
«Իշխանությունը և ընդդիմությունը պետք է երկխոսություն սկսեն, որը չպետք է սկսվի ընտրությունների հետ կապված խնդիրների քննարկումով։ Անհրաժեշտ է գտնել երկրի առաջ ծառացած ընդհանուր խնդիրներ, որոնք պետք է լուծել միասնական ուժերով»,-ասաց Մելիքյանը՝ պատարաստակամություն հայտնելով իր վրա վերցնել միջնորդի դերը։
Նա մեծ է համարում հավանականությունը, որ կողմերը կընդունեն իր առաջարկը, քանի որ կհասկանան Հայաստանում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը։
Երևանի կենտրոնում արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույց և ուսանողական դասադուլ է տեղի ունենում՝ կազմակերպված ընդդիմության կողմից՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Դրա հետ մեկտեղ, ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ, Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի և Բուլղարիայի նախագահները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։--0—

