Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության ղեկավարության հետ

01.02.2008, 10:43
Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության ղեկավարության հետ
Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության ղեկավարության հետ

ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանը հինգաշբթի հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար  ընկերություններից մեկի` ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքի և «Նայթսբրիջ» հոլդինգի   նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փոխշահավետ  գործունեություն ծավալելու` «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության մտադրությունների և նաև տարածաշրջանային  առումով  հետաքրքրություն  ներկայացնող  հեռանկարային ծրագրերի  մասին»,-«Նովոստի-Արմենիային» հայտնեցին հառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է այդ  մտադրությունները՝  ընդգծելով, որ  Հայաստանի  համար  մրցակցային  առավելությունը  համայն  հայության  միացյալ ներուժն է։

«Մենք  կարող  ենք  զարգացնել  մեր տնտեսությունն ու մեր երկիրը` առաջին հերթին  լիարժեքորեն  օգտագործելով մեր ժողովրդի  ներուժը,  օգտվելով տարիների մեծ փորձ  և  հեղինակություն  ունեցող  «ԱլկաՏելի» նման ընկերությունների հնարավորություններից ու առաջարկներից»,-հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:

«ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության  նախագահ Սերժ Չուրուքը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը տնտեսական նշանակալի աճ է արձանագրել, ինչը ակներև է նաև  օտարերկրյա այցելուների համար։

«Աշխարհում բարձր տեխնոլոգիաները գնալով երկրների համախառն ներքին արդյունքում մեծացնում են իրենց  տեսակարար կշիռը: Հայաստանը   ներկայումս  մեծ հնարավորություններ ունի հաջողություններ գրանցելու այդ ոլորտում, և անհրաժեշտ է առավելագույնս  օգտվել առկա հնարավորություններից»,- ՀՀ  վարչապետի  հետ հանդիպմանը  նշել է Սերժ Չուրուկը։  

Զրուցակիցները, առաջավոր  տեխնոլոգիաներից  բացի, մեր երկրի համար հեռանկարային  են համարել նաև ֆինանսական   շուկայի  զարգացումը:--0--