Ուրանի արդյունահանման հայ-ռուսական ձեռնարկությունը ստեղծվելու է 2008թ. նախարար

25.12.2007, 16:52
Ուրանի արդյունահանման հայ-ռուսական ձեռնարկությունը ստեղծվելու է 2008թ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուրանի արդյունահանման և վերամշակման հայ-ռուսական ձեռնարկությունը ստեղծվելու է 2008թ. առաջին կիսամյակում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի ատոմային էներգիայի դաշնային գործակալության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի տարածքում արդեն կատարվում են հետազոտություններ, և հետախուզական աշխատանքներն արդեն կարելի է սկսել գնահատող փաստաթղթի ընդունումից հետո։

«Պետք է հստակ սահմանել և գրանցել ուրանի պաշարի քանակը, որպեսզի հստակեցվեն արդյունահանման ծավալները։ Այս բոլոր աշխատանքների համար արտոնագիրը տրամադրվելու է 5 տարի ժամկետով»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես նշեց նախարարը, հետախուզական աշխատանքները սկսվելու են անմիջապես, հենց որ դա թույլ տան եղանակային պայմանները։ «Կարծում եմ, որ աշխատանքները կիրականացվեն արագ և արդյունավետ, քանի որ մեծ հետաքրքրվածություն կա ոչ միայն մեր, այլև ռուսական կողմից»,- ասաց Հարությունյանը։

2007թ. ապրիլին Երևանում Ռուսաստանի ատոմային էներգիայի դաշնային գործակալությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը ստորագրեցին ուրանի հանքերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման մասին արձանագրությունը։

Ըստ կանխատեսումների, որոնք կատարվել են դեռևս խորհրդային շրջանում, ուրանի պաշարները Հայաստանում կազմում են մոտ 30 հազար տոննա։ Նախատեսվում է, որ Ռուսաստանը և Հայաստանը կստեղծեն ՀՁ՝ 50 – 50 մասնաբաժնով, որը կարող է 10-ից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնել Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման և արդյունահանման աշխատանքներում։ --0—