Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարցն է. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարցն է։ Երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ Երևան-Մոսկվա «Նոր «արևելյան հարց». Անկարան և Երևանը ԱՄՆ-ի ճնշման տա՞կ» հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները։
Նա նշեց, որ հայկական կողմը հանդես է գալիս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին՝ սեփական անվտանգության երաշխիքի ներքո։ «Միայն դրանից հետո մենք կարող ենք սկսել խոսել մյուս բոլոր հիմնախնդիրների մասին»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքերով, Թուրքիայի հետ ցեղասպանության մասին խոսելով՝ հայերը նկատի ունեն հայ ժողովրդի հանդեպ գործած երկու հանցագործություն, որոնք խառնվում են թուրքական հասարակական գիտակցության մեջ։
«Առաջին հանցագործությունը կատարվել է 1915թ. և հաջորդ տարիներին՝ Թուրքական կայսրությունում ապրող հայկական բնակչության դեմ, որը չուներ իր ճանաչված վարչական տարածքը։ Երկրորդ հանցագործությունն իրագործվել է արդեն 1920թ.-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո»,- ասաց նա։
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ բոլշևիկյան ղեկավարների օգնությամբ կնքվեց մի պակտ, որի արդյունքում Հայաստանի տարածքը բաժանվեց և տարածքի մի հատվածը, որը պաշտոնապես ճանաչված է որպես հայկական՝ Կարսի, Սուրմալուի և Արդահանի շրջանները, օկուպացվեցին։
Հովհաննիսյանի խոսքերով, ներկա դրությամբ առաջին խնդիրը հենց Թուրքիայում համապատասխան բարոյական, քաղաքական մթնոլորտի ստեղծումն է։
«Այսօր Թուրքիայում նման մթնոլորտ չկա։ Այսօրվա դրությամբ այնտեղ սպանում են քրիստոնյա եկեղեցականներին, հայ լրագրող Հրանտ Դինքին, ամենադաժան կերպով հետապնդում են նրանց, ովքեր դեմ են արտահայտվում թուրքական ինքնությանը»,- ավելացրեց նա։
Փոխխոսնակը նկատեց, որ ԱՄՆ-ն փորձում է խաղալ հաշտարարի, փոխադարձ շահերի ուղեկցի և միջնորդի դեր։ «Այստեղ շատ են անարդարությունները, բայց մենք նորմալ ենք վերաբերվում դրան, որովհետև մեզ համար հենց Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անվտանգության հարց է»,- ասաց նա։ --0—