Կոսովոյի և Ղարաբաղի հակամարտությունների միջև բազմաթիվ տարբերություններ կան

05.11.2007, 14:57
Կոսովոյի և Ղարաբաղի հակամարտությունների միջև բազմաթիվ տարբերություններ կան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի և Ղարաբաղի հակամարտությունների միջև բազմաթիվ տարբերություններ կան,   երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը։

«Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ, տարածաշրջանը ղեկավարում է ՄԱԿ-ը, իսկ անվտանգության երաշխիքները տրամադրում են ԵԽ ռազմական ուժերը»,- նշեց նա։

ԵԽ գլխավոր քարտուղարի կարծիքով, այս գործոնները բացակայում են Լեռնային Ղարաբաղում, որին Դևիսը դասում է Աբխազիայի, Մերձդնեպրի և Հարավային Օսեթիայի շարքում։

«Եվրախորհուրդը Կոսովոյում բազմաթիվ աշխատանքներ է տանում, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացման ուղղությամբ, բացի այդ տարածաշրջանում մի շարք ծրագրեր է իրագործում ԵԽ-ն»,- ասաց նա։

Դևիսի խոսքով, ի տարբերություն Կոսովոյի և Թուրքիայի բուլղարների, ղարաբաղցիները, զրկված լինելով Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան դիմելու իրավունքից և հնարավորություն չունենալով օգտվել միջազգային ընդունված իրավունքներից, գտնվում են ավելի ճնշված վիճակում։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնիշխանության մարմինների վերջին ընտրությունները, Դևիսը հիշեցրեց, որ ԼՂՀ-ում գործող ռեժիմը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից և նրա խոսքով, եթե ԵԽ –ն չի դատապարտում ԼՂՀ-ում ընտրություններ անցկացնելու փաստը, դեռևս չի նշանակում, որ ընդունում է դրանք։

«Հույս ունեմ, որ կգա մի օր, երբ հակամարտությունը կլուծվի ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերով»,- ավելացրեց Դևիսը։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-