Հայաստանի նախագահն այս տարի կայցելի Միացյալ Արաբական Էմիրություններ

19.10.2007, 13:01
Հայաստանի նախագահն այս տարի կայցելի Միացյալ Արաբական Էմիրություններ

Այս տարվա դեկտեմբերի առաջին կեսին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Արաբական Էմիրություններ, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Աբու-Դաբիում Հայաստանի դեսպանատան աղբյուրը։

Այցի ծրագիրը քննարկվել է հինգշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ՄԱԷ ֆեդերալ ազգային խորհրդի (խոհրդարան) գործերով պետական նախարար Անվար Գարգաշի հանդիպման ընթացքում, տեղեկացրել է աղբյուրը։

Նա ասել է, որ բարձր մակարդակով հայ-էմիրական կայանալիք բանակցությունների ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը, ներդրումների փոխանակմանը, երկկողմ առևտրի ծավալների մեծացմանն ու երկկողմանի կապերի իրավաօրինական բազայի ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։

Կքննարկվեն խորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Աղբյուրի խոսքերով, այցի ընթացքում տեղի կունենա Աբու-Դաբիում Հայաստանի դեսպանատան նոր շենքի բացումը։

«ՎԱՄ» էմիրական լրատվական գործակալությանը արած հայտարարության մեջ Վ. Օսկանյանը նշել է «միջազգային խնդիրների մեծամասնության վերաբերյալ Հայաստանի և ՄԱԷ-ի դիրքորոշումների համընկնումը»։ Նա հույս է հայտնել «խաղաղ մերձավորարևելյան գործընթացի արդար և դրական զարգացման վերաբերյալ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր խնդիրների լուծման, և, առաջին հերթին, Պաղեստինի խնդրի լուծման»։

«ՎԱՄ»-ի տեղեկատվության համաձայն, Աբու-Դաբի և Ռաս-էլ-Հայմա էմիրությունները պատրաստվում են այս տարի անցկացնել հայկական մշակույթի և արվեստի շաբաթ։

Հայաստանի և ՄԱԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.-ին։ 2000 թ.-ին Հայաստանը Էմիրությունների մայրաքաղաքում բացել է իր դեսպանատունը։ Արաբական տածաշրջանի երկրներից Հայաստանը դեսպանատներ ունի նաև Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում։-0-