ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կշարունակեն աջակցություն ցուցաբերել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը
ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կշարունակեն աջակցություն ցուցաբերել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին և Յոզեֆ Բլատերը։
Պլատինիի խոսքերով՝ ՈՒԵՖԱՆ և ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիային պարբերաբար միջոցներ են հատկացնում, և այն իր հերթին իրագործում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ֆուտբոլի զարգացման համար։
ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ այժմ Հայաստանում իրականացվում են աշխատանքներ՝ ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է աճող սերնդի վրա, որպեսզի այսօրվա երեխաները ապագայում լավ ֆուտբոլ խաղան։ Եթե ապագայում Հայաստանում մեծանան Պելեներ և Մարադոնաներ, ապա դա կլինի հայկական ֆուտբոլի հաղթանակը», - ասել է նա։
Բլատերն իր հերթին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հանձնել է ՖԻՖԱ-ի մեդալը։
Նախօրեին Բլատերն ու Պլատինին երկօրյա այցով ժամանել են Երևան՝ Հայաստանի ֆուտոբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով։
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կմասնակցեն «Մանկապատանեկան մարզական դպրոց-ինտերնատի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման արարողությանը, ինչպես նաև կայցելեն «Բանանց» ակումբի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում։-0-