Հայաստանում Գերմանիայի դեսպանը հավաստիացնում է, որ երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը իր գործունեության առաջնահերթություններից է լինելու

29.08.2007, 20:30
Հայաստանում Գերմանիայի դեսպանը հավաստիացնում է, որ երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը իր գործունեության առաջնահերթություններից է լինելու

Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ եկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է լինելու։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին Վիկտորինը հայտարարել է այսօր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսակետից դեսպանն ընդծեց Բունդեսթագի պատգամավորների Հայաստան նախատեսված այցի կարևորությունը։

Իր հերթին Տիգրան Թորոսյանը, շնորհավորելով Վիկտորինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա արդյունավետ կաշխատի՝ Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ընդ որում, Թորոսյանը զարմանք արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ գերմանացի պատգամավորների այցի մասին իմացել է ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Խոսնակն ասաց, որ Բունդեսթագն աշխատանքների կազմակերպման լավ ավանդույթներ ունի և զարմանքով նշեց, որ նախապես պաշտոնական խողովակներով, ըստ ընդունված կարգի, չեն համաձայնեցվել այցի ժամկետը, ձևաչափը, ծրագիրը։

Գերմանիայի դեսպանը ափսոսանք հայտնեց կատարվածի համար` խոստանալով ճշտել պատճառները։

Խոսելով գերմանական Էբերտի և Նաումանի հիմնադրամների աշխատանքների մասին, Թորոսյանը նշեց, որ դրանք գործունեության տարօրինակ սկզբունք են որդեգրել` աշխատել միայն ընդդիմության հետ, «մինչդեռ պիտի աշխատեն կուսակցությունների հետ, որոնք գաղափարական առումով համընկնում են իրենց ուղղությանը»:

«Կարևորելով Հայաստանում բազմակուսակցական համակարգի կայացման համար գերմանական ուսանելի փորձի օգտագործումը` Աժ նախագահը անհասկանալի համարեց հիմնադրամների միակողմանի աշխատանքը՝ ընդգծելով դրանց հավասարակշռված գործունեության կարևորությունը»,- հաղորդեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։ --0--