Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Գրիգոր Մինասյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից, հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Նախարարը չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են», – ասաց Քոչարյանն՝ անդրադառնալով նրան, որ Մինասյանը խոսել է մանր խարդավանքների մասին, ինչի հետևանքով իր տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։
«Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը», – ասաց Քոչարյանը։

