Միրզոյանը հայտնել է, թե ինչ է քննարկել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

12.03.2022, 19:04
Միրզոյանը հայտնել է, թե ինչ է քննարկել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Միրզոյանը հայտնել է, թե ինչ է քննարկել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար:

«Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի», - ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:-0-