421.35
5
386.38
+17
Եղանակը Երևանում
Հայ

Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան

13:14
23 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի պահանջը բավարարելու թեմային։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:

«Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որ վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:

Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանn Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:

«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքա՞ն էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը», – նշել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:


Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է՝ միջազգային պարտավորությունը:

«Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին: Aյդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը», – նշել է վարչապետն։

Միաժամանակ նա ավելացրել է, որ դատարանը համարել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:

«Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է», – ընդգծել է Փաշինյանը։

Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, Փաշինյանն ընդգծել է, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
11:25
08 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին
15:19
05 Մայիսի 2023
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ
23:30
04 Մայիսի 2023
Մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ. ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
ՀՀ ԱԳՆ-ից, ներկայացնելով Միրզոյան-Բայրամով հանդիպումների արդյունքները, հայտնեցին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
23:21
04 Մայիսի 2023
Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում
23:00
04 Մայիսի 2023
Բլինքեն. Բաքուն և Երևանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ
Բլինքենը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ
09:52
04 Մայիսի 2023
Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Միրզոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին
11:03
03 Մայիսի 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. «Ազատություն»
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում