ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հետաքրքրված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մայիսի 7-ին հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակած ինտենսիվ կրակոցներին, հաղորդում է
aysor.am-ը:
«Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից», - ընդգծել է ՌԴ դեսպանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
հայտնել էր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի (շահագործում է Սոթքի հաանքավայրը, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, խմբգր.) մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը, մայիսի 7-ին Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հանքավայրի աշխատակիցը ձախ ձեռքի վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:-0-