ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ

14.02.2020, 17:32
ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցելու մասին
ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ, հաղորդում է ԲՀԿ–ի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար», – նշվում է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։–0–