Այդպես որ լիներ, բոլորս պետք է դանակն առնեինք, դանակահարեինք Աղազարյանին. Քոչարյան

16.10.2024, 13:34
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև միջադեպին՝ նշելով, որ Աղազարյանն իրենց էլ՝ առավոտից իրիկուն անհարմար իրավիճակների մեջ է դնում
Այդպես որ լիներ, բոլորս պետք է դանակն առնեինք, դանակահարեինք Աղազարյանին. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպին։

«Ի վերջո Աղազարյանը տարիքով է մեծ, Աղազարյանն է, որը մեզ էլ՝ առավոտից իրիկուն, միշտ անհարմար վիճակների մեջ է դնում։ Այդպես որ լիներ, բոլորս պետք է դանակն առնեինք, դանակահարեինք Աղազարյանին, էդպես չի լինում»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։

«Պատգամավորն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման՝ իր տղայի հետ կապված քրեական ինչ-որ հոդվածների լեզվով»,-ասաց նա։

Քոչարյանը պարզաբանում է, որ լսումները նախատեսված են, որ որևէ հարց չմնա օդում։

«Քյարամյանն առաջին անգամ էր գալիս նման լսումների։ Սա իր դեբյուտն էր, կարծում եմ՝ հաջորդ անգամ ավելի պատրաստված կլինի»,-նշեց պատգամավորը։

Նա նաև ասաց, որ ինքը՝ որպես նիստի վարող, կարողացավ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միջադեպն արագ հանգուծալուծվի։

«Քյարամյանը նստեց իր տեղում, Աղազարյանը՝ իր»,- հավելեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ էր եղել։