Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնին:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ ադրբեջանական կողմը տարբեր տեսակի հրազենից ղարաբաղյան ուժերի դիրքերի ուղղությամբ իրականացրել է շուրջ 1000 կրակոց:
Ի տարբերություն նախորդ շաբաթների՝ անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են «АК-74» տիպի ինքնաձիգեր և «СВД» դիպուկահար հրացաններ:
«Անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-