Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն Անկարայում կընթանան երեք հիմնական սկզբունքի շուրջ. պատգամավոր
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն Անկարայում կընթանան երեք հիմնական սկզբունքի շուրջ՝ ուժի չկիրառում, ազգի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության ճանաչում, կարծում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում դեկտեմբերի 1-2-ը տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում բանակցություններ կընթանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
«Աստանայում խնդիր կդրվի համատեղել հակամարտության երեք սկզբունքները և այդ հիմքի վրա, հնարավոր է, որևէ հայտարարություն ընդունվի: Դա առաջ էլ արվում Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների կողմից, սա Մադրիդյան սկզբունքների մի քիչ այլ ձև է»,- ասաց Զոհրաբյանը:
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հարցին, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում:
Պատգամավորի կարծիքով, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա մյուս սկզբունքների շուրջ նույնպես կհաջողվի համաձայնության հասնել:
«Եթե Ադրբեջանը Աստանայում փոխզիջման չգնա, ապա բանակցությունները կրկին զրոյական կդառնան»,- կարծում է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-