Լեռնային Ղարաբաղում կնշեն ԼՂՀ հռչակման 18-ամյակը
Չորեքշաբթի տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում ամփոփվեցին կատարված աշխատանքներն ու նախանշվեցին հետագա անելիքները:
Անկախության տարեդարձի առթիվ տոնական մի շարք միջոցառումներ են անցկացվելու ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում:
Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի ուսումնական հաստատություններում 2008-2009 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի անկախության օրվան. դասին կմասնակցեն ԼՂՀ անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ։
Սեպտեմբերի 2-ին զինվորական շարասյուները քայլերթով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով։ Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում և շրջաններում կկազմակերպվեն համերգային և մարզական միջոցառումներ, կկայանան ժողովրդական զբոսահանդեսներ: Պետական կառավարական պատվիրակությունը կայցելի Հուշահամալիր, օրվա կապակցությամբ երեկոյան կկայանա ԼՂՀ նախագահի ընդունելությունը։
Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ։ Կտրվի հրավառություն:
Մայրաքաղաքի փողոցների և զբոսայգիների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, քաղաքապետի վստահեցմամբ, կավարտվեն մինչև օգոստոսի 20-ը:
Ներկայում բարեկարգվում է Հուշահամալիրի տարածքը: Թևոսյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարեց ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հաջորդ նիստում հնարավոր լինի դրանք վերջնական ամփոփել:-0-