ԼՂՀ նախագահի մոտ կայացել է արտակարգ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող սառնամանիքների կապակցությամբ

07.01.2008, 11:16
ԼՂՀ նախագահի մոտ կայացել է արտակարգ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող սառնամանիքների կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվող սառնամանիքների կապակցությամբ հունվարի 4-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համապատասխան կառույցների կողմից ձեռնարկվելիք միջոցառումները:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարությունից՝ երկրի  ղեկավարը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները  հանրապետության ողջ տարածքում անխափան ջրամատակարարում,  էլեկտրամատակարարում, ինչպես նաև տրանսպորտային անվտանգ երթևեկություն ապահովելու համար:

Համապատասխան միջոցառումների համակարգման նպատակով ստեղծվել է աշխատանքային շտաբ` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետը, գլխավոր դատախազը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:

Առաջիկա օրերին տարածաշրջանի համար սպասվում է աննախադեպ ջերմաստիճանի նվազում՝ մինչև՝ 17 աստիճան ցրտահարություն։ Աննախադեպ ցրտահարությունների պատճառով որոշվել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսել ոչ թե հունվարի 7-ին, այլ հունվարի 14-ին։--0--