ԼՂՀ ՊՆ. Բաքուն առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն է վարում

07.10.2016, 13:39
ԼՂՀ ՊՆ-ն մեղադրում է պաշտոնական Բաքուն առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն վարելու մեջ:
ԼՂՀ ՊՆ. Բաքուն առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն է վարում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեղադրում է պաշտոնական Բաքուն առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն վարելու մեջ:

«Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այդ մարտավարությունը արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ` դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:

«Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև` քարոզչական դաշտում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, անցած օրերի ընթացքում հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ – 17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-