Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը․ Կաթողիկոս
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ՝ կոչ անելով լինել միասնական և համախմբված մնալ հայրենիքի շուրջ։
«Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին», - նշված է ուղերձում։
Գարեգին Բ-ն նշել է, որ այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազում փորձությունների միջով, սակայն հայ ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։
Կաթողիկոսը կոչ է արել անմնացորդ նվիրումով շենացնել ու պայծառացնել երկիրը, ինչպես նաև ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանել հայ ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքն այս սրբազան հողի վրա։
«Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի», - ասված է ուղերձում։
Գարեգին Բ-ն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի հայ ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք։

