Ղարաբաղը ցինիկության մեջ է մեղադրել Ադրբեջանի պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ցինիկության մեջ է մեղադրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին , ով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ»։
«Այս հայտարարությունը կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…», – նշել են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալեր և Ռազմելա Խալափյաններն են, որոնց ադրբեջանցի զինծառայողները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները։
«Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց և երեխաների հետ» և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–