526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն

13:23
15 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է իր 50–ամյակը։ Գործունեության երկար տարիների ընթացքում իր անկրկնելի արևային ներկապնակի շնորհիվ թանգարանը գրավել է մեծ թվով այցելուների և զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից։

Տուն–թանգարանի 50–ամյակին և Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 130–ամյակին նվիրված միջոցառման շրջանակում, որը կանցկացվի դեկտեմբերի 23–ին և 24–ին ԱՐԱՐԱՏ թանգարանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է Սարյանի տուն–թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ։

«Նովոստի–Արմենիա». Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։ Թանգարան այցելած բազմաթիվ մարդիկ խոսում են թանգարանի անկրկնելի մթնոլորտի մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, և թանգարանի ո՞ր նկարներն են այցելուների ձգողության մագնիսական կենտրոն համարվում։

Ռ. Սարյան. Սարյանի տուն–թանգարանը նշել է իր 50–ամյակը, այն բացառիկ է մի շարք պատճառներով։ Առաջինը, թանգարանի ստեղծման գաղափարի հեղինակը հենց Սարյանն է։ Այդ գաղափարը ծնվել է նրա կողմից դեռ 1927 թ.–ին փարիզցի ընկերոջը հասցեագրված նամակում։

Գաղափարը կյանքի կոչելու համար պահանջվեց 40 տարի, և 1967 թ.–ի նոյեմբերի 26–ին թանգարանը բացեց իր դռները։ Սարյանն իր թանգարանին նվիրեց 50 ստեղծագործություն և սահմանեց սեփական հավաքածուի հետագա ձևավորման հիմնական սկզբունքները։

Իր ողջ կյանքի ընթացքում նա հավաքել և խնամքով պահել է այն բոլոր նյութերը, որոնք կարող էին օգնել տուն–թանգարանի ոչ միայն գիտաշխատողներին, այլև ապագա կենսագիրներին և արվեստագետներին, որոնք պետք է ուսումնասիրեին նրա կյանքն ու ստեղծագործությունները։ Դրանք են հազվագյուտ փաստաթղթեր, ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, ցուցահանդեսների կատալոգներ, որոնցում նա մասնակցել է, թերթերից և ամսագրերից հատվածներ և այլն, այն ամենն ինչը լույս է սփռում նկարչի անցած ստեղծագործական ուղու վրա։

Ինչ վերաբերում է առանձնահատուկ մթնոլորտին, ապա պատահական չէ, որ Սարյանի տունը կառուցվել է հենց այստեղ` 17–րդ դարի Սուրբ Զորավոր եկեղեցու հարևանությամբ։ Վայրն ընտրել են Մարտիրոս Սարյանն ու Ալեքսանդր Թամանյանը։ Հենց նա` մեր հռչակավոր ճարտարապետն է եղել Սարյանի տան և արհեստանոցի նախագծի հեղինակը։

Երբ Սարյանը դուրս էր գալիս պատշգամբ, տեսնում էր Արարատը, Սուրբ Զորավոր եկեղեցու գմբեթները, առավոտյան և երեկոյան լսում էր զանգերի ձայնը, այս ամենը ոգեշնչում էր նրան։

Рузанна Сарьян

1932 թ.–ից տուն–թանգարանում պահվող աշխատանքները կազմում են բացառիկ հավաքածու, որը ներկայացնում է Սարյանի ստեղծագործություններն իրենց ողջ հարստությամբ։ Մեր այցելուները կարող են ծանոթանալ Վարպետի ողջ ստեղծագործական ուղուն` առաջին նկարներից, ուսանողական բնապատկերներից և դիմանկարներից մինչև այն գլուխգործոցները, որոնք բերել են նրան ХХ դարի հռչակավոր գեղանկարչի համաշխարհային հռչակ, ով ստեղծել է իր բացառիկ ոճը, ձևերի, գույնի և լույսի անկրկնելի աշխարհը։ Սարյանը համաշխարհային գեղարվեստական ժառանգության առանձին մի էջ է։

Սարյանի գեղանկարչությունն արտահայտում է իր աուրան, որը լի է դրական էներգետիկայով։ Դա զգում են նաև նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում Սարյանի աշխատանքները։ Նկարչի կտավներն ուրախացնում են, լիցքավորում, առույգացնում` ինչպես մի կում աղբյուրի ջուրը, սարերի մաքուր օդը։

«Նովոստի–Արմենիա». կարծիք կա, որ Սարյանի արվեստը դեռ նկարչի կենդանության օրոք սահմանել նրա դարաշրջանը։ Ձեր կարծիքով, ո՞րն է գաղտնիքը, և կա՞ն, արդյոք, Սարյանի ստեղծագործական ուղու ժամանակակից հետնորդներ։

Ռ. Սարյան. Մոսկվայում գտնվող Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Սարյանի ցուցահանդեսը։ Մինչ այնտեղ հայտնվելը պետք է անցնել նրա սիրելի ուսուցիչների` հռչակավոր ռուս նկարիչներ Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Վիկտոր Բորիսով–Մուսատովի սրահներով։ Վերջինս եղել է «Երկնագույն վարդ» նկարչական միության ոգեշնչողը։

Այս սրահներով անցնելուց հետո ձեր առջև բացվում են Սարյանի գլուխգործոցները։ Գիտեք, դա այնպիսի ապշեցուցիչ կոնտրաստ է։ Կարծես հայտնվում ես կիզիչ, շոգ, հարավային ամռան գրկում, զգում ես, որ հոգիդ լուսավորվում է, քեզ, կարծես, համակում է առույգության հզոր ու էներգետիկ մի լիցք։ Հասկանում ես, որ սա ո′չ Սերովն է, ո′չ Կորովինը, ո′չ Բորիսով–Մուսատովը, սա Սարյանն է` բոլորովին այլ նկարիչ։ Նա ունի ասելիք, ներկայացնում է անսպասելի, գույնով, ձևով և ռիթմով դյութող Արևելք, անկրկնելի մի Հայաստան, համարձակ դիմանկարներ։ Նա տանում է իր հետևից, բացում նոր հնարավորություններ և ուղիներ։ Եվ դա հիանալի է, քանի որ ոչ բոլոր տաղանդավոր և վառ նկարիչներին է հաջողվում դա անել։ Չէ՞ որ սա է ամենակարևորն արվեստում։

Սարյանի ազդեցությունը բավականին շոշափելի էր, հատկապես Հայաստանում, քանի որ նա ստեղծեց ժամանակակից հայկական գեղանկարչության դպրոց և ուներ բազմաթիվ հետնորդներ։ Գայթակղությանը տրվելու, Սարյանի նման ստեղծագործելու ցանկությունն այնքան մեծ էր, որ շատերն այդպես էլ չկարողացան դուրս գալ նրա մեծ ազդեցությունից։

«Նովոստի - Արմենիա». շատերն իրենց Սարյանի ստեղծագործության գիտակ են համարում, հիանում են նկարչի անզուգական ոճով: Սակայն նրա ստեղծագործության գնահատողների համար բաց են մնում վարպետի գույների ու ոճի մասին հարցերը: Կպատմեք դրա մասին?

Ռ. Սարյան. Սարյանի մասին խոսելիս գրեթե միշտ օգտագործում են «վառ» ձևակերպումը: Շատերն են փորձել ընդօրինակել այդ պայծառությունը, սակայն ապարդյուն: Սարյանի գունապնակի պայծառությունը ցնցող ներդաշնակ է և փոխանցում է մեծագույն ճաշակն ու չափի զգացումը: Սարյանական գունապնակը չի զայրացնում, չի հոգնացնում աչքը: Նկարիչը հմտորեն տարածում է աներևույթ աղբյուրից եկող լույսը և կոնտրաստային երանգների զուգակցմամբ հասնում է ներքին ճառագման էֆեկտի։

Ինչ վերաբերում է ոճին, ապա այն արտահայտված է նրա`և՛ պարզեցված, մի փոքր անկյունային նկարում, և՛ պատկերված իրերի ընդհանրացված ձևերի, և՛ արևելյան և հայկական արվեստի հնագույն գեղարվեստական ավանդույթներին ժամանակակից տեսք հաղորդելու մեջ:

Նա խորը գիտելիքներ ուներ այն մասին, թե ինչ է ստեղծվել մինչև իր արվեստը տարբեր ազգերի ու ժամանակաշրջանների վարպետների կողմից: Լավ իրազեկված էր ժամանակակից հոսանքների ու եվրոպական արվեստի ուղղությունների մասին և, ենթարկվելով իր ներքին մտքի, ազգային բնավորության առանձնահատկություններին ու խառնվածքին, ստեղծել է բարձր գեղարվեստական, մշակութային իր յուրահատուկ ոճը, որը տարբերում է նրան շատ ուրիշ նկարիչներից:

Եթե համեմատել Սարյանին իմպրեսիոնիստների հետ, ապա առաջին հերթին պետք է խոսել նրանց պատմական առաքելության մասին: Ինպրեսիոնիստ նկարիչները բացել են մարդկանց աչքերը շրջակա աշխարհի վրա, լուսավորությունից ու մթնոլորտից կախված` բնության ու իրերի ընկալման փոփոխականության նկատմամբ։ Նրանք արեցին դա ամբողջ աշխարհի համար, և դրանից օգտվեցին նկարիչների հետագա շատ սերունդներ, այդ թվում` Սարյանը:

Այն, ինչը նա արեց հայկական արվեստի համար, բավականին համահունչ է իմպրեսիոնիստների արածի հետ: Սարյանը նախևառաջ բացեց հենց հայերի աչքերը Հայաստանի բացառիկ բնության վրա, նա ցուցադրեց ամբողջ աշխարհին նրա հատուկ, աննման գեղեցկությունը: Այնպիսի Հայաստան, որը պատկերված է նրա կտավներում, նրա արվեստից առաջ չի տեսել ոչ մի հայ, չի նկարել ոչ մի հայ նկարիչ: Հայաստանը տեսնում ու պատկերում էին խուլ ու մռայլ երանգներով, որպես վշտի ու տխրության երկիր:

Վարպետը ստեղծել է Հայաստանի գեղատեսիլ պատկերը, որն ընդմիշտ միաձուլվել է երկրին, և այսօր մենք նայում ենք Հայկական լեռնաշխարհի բնապատկերներին Սարյանի աչքերով: Շատերը բացահայտում են Հայաստանը նկարչի ստեղծագործություններով: Սարյանը չի դադարում մնալ Հայաստանի այցեքարտը: Նրա աշխատանքները տեսածները ցանկանում եմ տեսնել այն երկիրը, որը նա այդքան գովերգում էր:

«Նովոստի -Արմենիա». Երևանի կոնյակի գործարանի «ARARAT Speakers Night»
միջացառման շրջանակում, որտեղ քննարկվել է ժամանակակից թանգարանների թեման, պետական Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան նշեց, որ հաջողության հասնելու համար թանգարանը պետք է դուրս գա իր պատերի սահմաններից: Համամի՞տ եք դուք սրա հետ, և եթե այո, ապա ինչ աշխատանքներ են տարվում Սարյանի թանգարանում այս ուղղությամբ: Արդյո՞ք տարվում են աշխատանքներ ֆոնդերի թվայնացման և թանգարանի առցանց տարբերակը ստեղծելու ուղղությամբ? 

Ռ. Սարյան. իհարկե, տիկին Տրեգուլովան ճիշտ է այն առումով, որ թանգարանը պետք է մշտական ներկայացված լինի լայն զանգվածներին և ավելի ու ավելի շատ այցելուներ ներգրավի, հետաքրքիր լինի բնակչության բոլոր խավերի, հատկապես երիտասարդների համար: Մենք մշտական աշխատանք ենք տանում այս ուղղությամբ, սակայն դեռ շատ բան պետք է արվի: Մինչև նորոգումը մենք ունեցել ենք թանգարանի առցանց տարբերակը: Հիմա  պետք է նոր տարբերակ պատրաստենք, սակայն դրա համար դեռ ժամանակ չենք ունեցել: Բայց դա մտնում է մեր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մեջ:

Մեր կայքը բավականին ծավալուն է, այն լայն պատկերացում է տալիս թանգարանի մասին: Մենք ակտիվ գործունեություն ենք ծավալում նաև Facebook սոցկայքում: Սարյանի թանգարանում հաճախ հարցնում են այն մասին, թե ուրիշ որտեղ կարելի է նայել նկարչի աշխատանքները: Այդ իսկ պատճառով մեր կայքում ցուցադրված են Սարյանի հավաքածուներ այլ թանգարաններից:

«Նովոստի-Արմենիա». վերջերս Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Սարյանի ցուցահանդեսը: Որքանո՞վ եք կարևորում այդ միջոցառումը: Ի՞նչ աշխատանքներ են այնտեղ ցուցադրվել:

Ռ.Սարյան. ցուցահանդեսը բացվել է նոյեմբերի 14-ին Լավրուշինսկի նրբանցքի Տրետյակովյան պատկերասրահում` դա այն պատկերասրահն է, որը դեռ 1910 թվականին ձեռք է բերել երիտասարդ Սարյանի «Գլիցինիաները»:

2010 թվականին Տրետյակովյան պատկերասրահում, բայց Կրիմսկի վալ փողոցում, նույնպես բացվել էր Սարյանի ցուցահանդեսը, և այնտեղ ավելի մեծ թվով աշխատանքներ են ցուցադրվել, քան այժմ` մոտ 48: Դրանք բոլորը հենց Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից էին:

Ինչի՞ հետ է կապված հետաքրքրությունն այս ցուցահանդեսի նկատմամբ։ Նախևառաջ, որովհետև այստեղ ներկայացված են Սարյանի տուն–թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները` Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուին զուգընթաց։ Ցուցահանդեսին հատկացված երկու դահլիճներում կարելի է տեսնել 1910–ականների գլուխգործոցներ։

Ցուցահանդեսը շատ տպավորիչ է, այցելուների մոտ ցանկություն է առաջանում տեսնել նկարչի նաև մյուս գործերը։ Կարծում եմ, որ այս տարի Ռուսաստանից Սարյանի տուն–թանգարանն այցելելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի։

Рузанна Сарьян

Բացի այդ, ցուցահանդեսը կարևոր է նաև նրանով, որ դրան շատ բարձր կարգավիճակ է տրվել։ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ցուցահանդես են այցելել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը։ Նկարչի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անգին է։

Մենք կարծում ենք, որ Սարյանի արվեստը պետք է քարոզվի ամենաբարձր մակարդակով։ Դա այն է, ինչ արվեց այժմ։

«Նովոստի–Արմենիա». երկու տարի է, որ Տրետյակովյան պատկերասրահում չի թուլանում հետաքրքրությունը վրձնի հայ վարպետների նկատմամբ` Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը, Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը։ Երկու ցուցահանդեսներն էլ մեծ հաջողություն ունեցան։ Ըստ Ձեզ, ի՞նչն է ամենից շատ գրավում այցելուներին։

Ռ.Սարյան. անկասկած, նրանց ստեղծած բարձր արվեստը։ Նրանք նկարիչներ են, ովքեր հայ են իրենց ծագումով, մտածողությամբ և խառնվածքով։ Ճակատագրի բերումով նրանք իրենց մասնագիտական կրթությունը ստացել, ապրել և արարել են Ռուսաստանում` Այվազովսկին` ամբողջ կյանքը, իսկ Սարյանը` մինչև Հայաստան տեղափոխվելը, երբ 41 տարեկան էր։

Սարյանը որպես նկարիչ կայացել է Ռուսաստանում, այնտեղ ճանաչում ձեռք բերել, այնուհետև տեղափոխվել է Հայաստան և դարձել հայկական գեղանկարչության ֆլագմանը։ Վեճերն այն մասին, թե ում են պատկանում այդ նկարիչները` Ռուսաստանին, թե Հայաստանին, անլուրջ եմ համարում, քանի որ երկուսն էլ այնքան մասշտաբային են, որ նրանց արվեստը սահմաններ չի ճանաչում։

Դրանով է բացատրվում նրա թողած ժառանգության նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Սարյանը սիրում էր ասել. «Արվեստը նման է ծառի։ Նրա արմատները խորանում են հայրենի հողի մեջ, իսկ պտուղներից կարող է օգտվել ողջ աշխարհը»։

«Նովոստի–Արմենիա». «ARARAT Speakers Night» միջոցառման շրջանակում տիկին Տրեգուլովան նշեց, որ Հայաստանն իր երիտասարդության սերն է և որ այդ սերը հավերժ է։ Որքանո՞վ են Սարյանի կտավները Տրետյակովյան պատկերասրահում կարողանում արտացոլել Հայաստանը։

Ռ.Սարյան. Տրետյակովյան պատկերասրահում Սարյանի աշխատանքների հավաքածուն Հայաստանից դուրս գտնվող ամենահարուստ հավաքածուն է։Վարպետի 68 կտավներն են, և դրանց թվում քիչ չեն համաշխարհային գեղանկարչության ոսկե ֆոնդում ընդգրկված գլուխգործոցները։ Տրետյակովյան պատկերասրահը Սարյանին համարում է իրենց հայտնի հավաքածուն ներկայացնող ամենավառ նկարիչներից մեկը։ Նրա գործերը միշտ ներկա են պատկերասրահի մշտական ցուցադրության մեջ։

Այսօր ցուցահանդեսում ներկայացված կտավները, անկասկած, փոխանցում են Արևելքի մոգությունն ու Հայաստանի կոլորիտը, նույնիսկ եթե դրանք ոչ թե բնապատկերներ են, այլ հայտնի և հիասքանչ հայուհիների դիմանկարներ։ Նկարներում խտացված է ամենալավը, ինչ կա մեր ժողովրդի մեջ։

«Նովոստի–Արմենիա». դեկտեմբերի 23–ին և 24–ին Երևանի կոնյակի գործարան ԱՐԱՐԱՏ թանգարանում կանցկացվի Սարյանի թանգարանի հետ համատեղ միջոցառում` նվիրված թանգարանի 50–ամյակին և Հայաստանում կոնյակագործության 130–ամյակին։ Որքանո՞վ կարևոր են թանգարանային այս խաչաձև նախագծերը։

Ռ.Սարյան. այդ մասին մի ժամանակ հիանալի ասել է Սիլվա Կապուտիկյանը։ Շնորհավորելով Սարյանին 80–ամյակի առթիվ` նա որպես նվեր ուղարկել է Վարպետին «Հայաստան» կոնյակ և իր ուղերձում գրել է հետևյալ տողերը. «Միայն երկու բան կա, որ նույն համով և բույրով, հրով և ուժով սավառնում է աշխարհով` փառավորելով Հայաստանը և նրա տաղանդավոր ժողովրդին։ Դա մեր կոնյակն է և մեր Մարտիրոս Սարյանը»։

Պատահական չէ, որ եղել են տարիներ, երբ «Տոնական» և «Նաիրի» երկու հայտնի կոնյակների պիտակների վրա պատկերված է եղել Սարյանի` 1923 թվականին ստեղծած «Հայաստան» հայտնի կտավից մի դրվագ։

Այժմ մենք համագործակցում ենք Երևանի կոնյակի գործարանի և ԱՐԱՐԱՏ թանգարանի հետ, նրանք մեզ մոտ են բերում իրենց բոլոր հայտնի հյուրերին։ Եվ ես կարծում եմ, որ մեր գործակցությունը կխորանա։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
07 Օգոստոսի 2019
Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը
Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ: