Ստամբուլի հայկական համայնքն, անշուշտ, այսօր բախվում է հազարավոր մարտահրավերների հետ, սակայն վերջին երկու տարում ամենակարևորը Ստամբուլի Պատրիարքական աթոռի ապագան է: Մեր Պատրիարքը, ցավոք, անբուժելի հիվանդ է և անաշխատունակ: Մենք առաջարկում էինք աթոռակից պատրիարք ընտրել, սակայն մեր առաջարկը չընդունեցին, և այժմ մենք սպասում ենք: Իսկ դա պատրիարքական դատարկ աթոռ է նշանակում:
Ստամբուլի համայնքը չափազանց հավատացյալ է, և պատրիարքը մեզ մոտ մարդկանց համախմբող առաջնորդի դեր է կատարում, քանի որ չկա մեկ այլ կազմակերպություն, որն իր վրա կվերցներ համայնքի ղեկավարությունը: Կենսագործունեության բնականոն հունին վերադառնալու համար մենք պետք է որքան հնարավոր է շուտ նոր պատրիարք ընտրենք:
Մեկ այլ կարևորագույն մարտահրավեր է ստամբուլահայերի շրջանում ինքնապահպանության խթանների թուլացումը: Դա առաջին հերթին վերաբերում է հայոց լեզվին: Ցավոք, Ստամբուլում հայերի ճնշող մեծամասնությունը չի խոսում հայերեն: Սա մեզ համար մեծ կորուստ է: Անձամբ ինձ համար լեզվի կորուստն ավելի ծանր է, քան հողի կորուստը: Իսկ այսօր մեզ մոտ հարյուր հայից միայն երեսունն է տիրապետում մայրենի լեզվին:
Մեկ այլ կարևորագույն խնդիր է խառը ամուսնությունների հարցը: Վեց-յոթ տարի առաջ Ստամբուլում կամ Թուրքիայում հայերի և թուրքերի միջև ամուսնությունների թիվը կարելի էր մատների վրա հաշվել: Նշեմ, որ Ստամբուլում հայերն ու թուրքերը նորմալ համագոյակցում են, թուրքերին դուր է գալիս հայ աշխատողներ ունենալ, քանի որ նրանք հայերին վստահելի են համարում: Սակայն ամուսնության հարցն ամբողջովին այլ բան է, և հետագայում դա հանգեցնում է շատ լուրջ խնդիրների, այդ թվում նաև կրոնական խնդիրների: Ցավոք, այսօր Ստամբուլի հայ երիտասարդների ճնշող մեծամասնությունն իրենց ընտանիքները կառուցում են թուրքերի հետ:
Կարծում եմ, որ պատճառն այն է, որ երկար ժամանակ Ստամբուլի հայ երիտասարդները որևէ դժվարության հետ չեն բախվել և այսօր մտածում են՝ «իսկ ի՞նչ տարբերություն, նրանք էլ են մարդ, մենք էլ»: Սակայն, վերջիվերջո, նրանք ստիպված են պայքարել հսկայական բարդությունների դեմ, որոնք հաճախ խարխլում են ընտանիքի հիմքերը, օրինակ՝ ինչպես անվանել երեխային, որ կրոնին նա պետք է պատկանի, որ դպրոցը հաճախի և այլն:
Այդ պատճառով եթե մենք ուժեղ Պատրիարք ունենանք, ապա մեր խնդիրների մի մասը կլուծվի:
«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է այսօր Թուրքիայում հայկական կրթության մակարդակը, և ի՞նչ խնդիրներ ունեն Ստամբուլի հայկական դպրոցները:
Ռ. Հատտէճեան – Ստամբուլում այսօր գործում է 15 հայկական դպրոց, որոնցից մի քանիսը լիցեյի կարգավիճակ ունեն, սակայն, ցավոք, հայերի ճնշող մեծամասնությունն այսօր իրենց երեխաներին տանում է օտարալեզու դպրոցներ, չնայած նրան, որ հայկական դպրոցների մակարդակը բավականին բարձր է: Այս ամենի հետևանքով մեր ուսումնական հաստատությունների թիվը սկսել է կրճատվել; Եթե 15-20 տարի առաջ հայկական դպրոցներում մենք ունեինք շուրջ հինգ հազար աշակերտ, ապա այժմ նրանց թիվը հասել է 3,5 հազարի:
Մեծամասնությունը նախընտրում է օտարալեզու դպրոցներ՝ կյանքում իրենց տեղը հեշտությամբ գտնելու, թուրքական համալսարաններ ընդունվելու համար: Սակայն մենք չենք հուսալքվում և շարունակում ենք աշխատանքներ իրականացնել հայկական դպրոցների բարելավման ուղղությամբ, քանի որ դրանք հայկական ինքնության պահպանման կարևորագույն հիմքն են:
«Նովոստի-Արմենիա» - Դեռևս 30 տարի առաջ Ստամբուլի հայ գրողները երանգ էին հաղորդում սփյուռքի հայկական ողջ գրականությանը, սակայն այսօր իրավիճակը փոխվել է: Ինչի՞ հետ է դա կապված:
Ռ. Հատտէճեան – Գիտե՞ք, Ստամբուլի հայկական գրականությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը, քանի որ դեռևս կենդանի են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Զարեհ Խրախունին, Արման Վարդանյանը և այլ տաղանդաշատ գրողներ, որոնցից մեկը ձեր խոնարհ ծառան է: Սակայն Ձեր բարձրացրած խնդիրն առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ մենք չունենք նոր երիտասարդ գրողներ, ովքեր հայերեն են գրում: Ցավոք, եթե նույնիսկ կան երիտասարդ հայ հեղինակներ, ապա նրանք հիմնականում թուրքերենով են ստեղծագործում:
Ես անկեղծորեն հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի:
«Նովոստի-Արմենիա» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ձեզ «Մեսրոպ Մաշտոց» մեդալով՝ 20-րդ դարի հայ գրականության մեջ կատարած հսկայածավալ ներդրման համար: Ներկայարցեք, խնդրեմ, Ձեր տպավորությունները:
Ռ. Հատտէճեան – Ինձ համար դա մեծ երջանկություն էր, սակայն մեդալից ավելի կարևոր էին նախագահի խոսքերը, ով ասաց, որ շատ է գնահատում հայկական գրականության մեջ կատարած իմ ներդրումը:
Գիտե՞ք, կյանքիս ընթացքում ես ավելի քան 80 գիրք են հրատարակել, ևս 40-ը պատրաստվում են հրատարակման: Ես բազմաթիվ պատվոգրեր և մրցանակներ ունեմ աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չի կարելի որևէ այլ զգացողության հետ համեմատել այն երջանկությունը, որ քո ներդրումը գնահատվում է հայրենիքիդ առաջնորդի կողմից:
«Նովոստի-Արմենիա» - Ապագայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:
Ռ. Հատտէճեան – Ես արդեն մի քանի տարի է՝ պատրաստվում եմ գրել «Առաստաղ» վիպաշարի երրորդ վեպը, սակայն ժամանակս ընդհանրապես չի բավականացնում: Իսկ իմ ողջ ժամանակը ծախսում եմ խմբագրական աշխատանքի վրա: Ավելի քան երեսուն տարի է՝ գրում եմ իմ «Յուշատետրը», դա արդեն ավելի քան 7,5 հազար հոդված է, որոնք հրատարակվել են 40 հատորով, ևս այդքանն էլ հրատարակված չէ: Այնպես որ իմ գրականությունը չի մահացել, այն շարունակվում է իմ խմբագրական գործունեության մեջ: Նույնիսկ իմ լրատվական հոդվածները գրականության մասնիկ են պարունակում:
«Նովոստի-Արմենիա» - Պրն. Հատտէճեան, Դուք եղել եք Հայաստանում և խորհրդային տարիներին, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Սփյուռքահայ գրողի կարծիքով՝ ի՞նչ է փոխվել երկրում այդ ժամանակահատվածի ընթացքում
Ռ. Հատտէճեան – Ես առաջին անգամ տեսա Հայաստանը 1970 թ.-ին: Իհարկե, այն ժամանակ շատ մութ կողմեր կային, սակայն, գիտե՞ք, հայրենիքն առաջին անգամ տեսած մարդը չի տեսնում կամ չի ցանկանում նկատել թերությունները: Հայաստան կատարած առաջին այցս ինձ այլ մարդ դարձրեց, այն ամենը, ինչին հասել եմ կյանքում, իմ ողջ աշխարհայացքը և ստեղծագործություններիս ոճաբանությունը սկիզբ են առնում այդ այցի մասին հիշողություններից:
Հետո ես տեսա Հայաստանը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, տեսա, թե ինչպես երկիրն անկախացավ, տեսա այն Արցախյան պատերազմի տարիներին, և վերջապես տեսա երկրի անկախության 20-ամյակը:
Այն օրերին, երբ Երևանում նշվում էր «Մարմարա» թերթի հոբելյանը (սեպտեմբեր), ես տեսա նոր Հայաստանը: Երեկո էր, մենք դուրս եկանք համերգասրահից, որտեղ նշվում էր հոբելյանը, այնքան հոգնած էինք, որ հազիվ էինք շարժվում (հաշվի առեք իմ տարիքը): Եվ հանկարծ պարզվեց, որ բոլոր փողոցները փակ են շքերթի պատճառով: Մենք հուսահատվեցինք, ես մտածեցի, որ ի վիճակի չեմ լինի շարունակել ճանապարհս, սակայն շրջվելով՝ տեսա լուսավոր փողոցներ, որտեղ հազարավոր մարդիկ են հավաքվել: Հայաստանի անկախության օրվան (սեպտեմբերի 21) նվիրված շքերթի գլխավոր փորձն էր ընթանում: Ես տեսա ռազմական տեխնիկայի «երամը», շքերթով քայլող հայ զինվորներին և հանկարծ զգացի, որ ազատվեցի ապրած տարիների բեռից: Մի պահ ինձ թվաց, թե դա ես եմ՝ 16-ամյա Ռոպէրը, կանգնած եմ այնտեղ, ես, ով 50-ականներին զբոսնում էր Ստամբուլի փողոցներով՝ կարոտով մտածելով հեռվում գտնվող հայրենիքի մասին:
Այսօր Հայաստանը սկսել է հետաքրքրվել Սփյուռքով: Գիտե՞ք, մեզ համար շատ կարևոր է, որ հայրենիքը չի մոռացել մեզ: Մենք երջանիկ ենք, որ այսօր սփյուռքի նախարարություն է ստեղծվել, և Հայաստանը, վերջապես, գիտակցել է, որ Սփյուռքն իր համար հսկայական նոր հնարավորություններ են:
«Նովոստի-Արմենիա» - Այսօր Հայաստանում արդեն բնակվում են մարդիկ, ովքեր ծնվել և մեծացել են անկախ երկրում, ի՞նչ տպավորություն ունեք հայ երիտասարդների մասին:
Ռ. Հատտէճեան - Այսօր իմ կյանքի գլխավոր ուրախությունն է տեսնել երիտասարդ հայ տղաներին և աղջիկներին, Հայաստանի ապագային: Գիտե՞ք, անկախության առաջին տարիներին ինձ շատ էր վշտեցնում, երբ տեսնում էի տխուր, չխնամված երիտասարդներ, որոնք թվում էր, թե ամեն ինչի նկատմամբ անտարբեր են: Իսկ այժմ ամեն ինչ փոխվել է, ես հիանում են ֆիզիկական գեղեցկությամբ և լույսով, որը փայլատակում է նրանց աչքերում: Նոր, վառ սերունդ է աճում, սա է երջանկությունը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում