Ղարաբաղը պատրաստ է խորհրդարանական ընտրություններին. ԿԸՀ
– ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են: Ձևավորվել է 273 տարածքային հանձնաժողով, այդ թվում մեկը Երևանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Ընտրացուցակներում ընդգրկված է 94900 ընտրող, ինչը հանրապետության բնակչության մոտ 66% է: Ընտրական հանձնաժողովները տեղերում ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով:
Իրավասու մարմինները ժամանակին են պատրաստել ընտրացուցակները, դրանք արդեն փակցված են ապրիլի 13-ից։ Պատրաստ են նաև վերջնական ցուցակները, որոնք մենք ուղարկում ենք գյուղեր։ Վաղը վերջնական ցուցակները կփակցվեն նաև Ստեփանակերտում։
Ընտրությունները կսկսվեն մայիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 08։00-ին։ Մայիսի 21-ի կեսգիշերին կհայտարարվի «լռության օր»։
«Նովոստի-Արմենիա» - Ընտրողների ինչպիսի՞ ակտիվություն եք ակնկալում ընտրությունների ժամանակ։
Նասիբյան - Ես փորձում եմ կանխատեսումներ չանել։ Սակայն Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը միշտ տատանվել է 60-70 տոկոսի սահմաններում։ Ընտրությունները կայացած կհամարվեն մեծամասնական և համամսնական ընտրակարգով 25 տոկոսանոց մասնակցության դեպքում։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների («Ազատ Հայրենիք», Արցախի Դեմոկրատական կուսակցություն, Կոմունիստական կուսակցություն և ՀՅԴ) համար խորհրդարան անցնելու շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի։ Նախընտրական քարոզչությունը նորմալ է ընթանում, առայժմ որևէ բողոք չի ստացվել։ Բոլոր ազդանշաններին օպերատիվ ենք արձագանքում։ Ընդհանուր առմամբ, նախընտրական պայքարը բավականին կառուցողական է ընթանում։
«Նովոստի-Արմենիա» - Քանի՞ դիտորդ ու լրագրող է հետևելու ընտրություններին։
Նասիբյան - Մենք ուսումնասիրել ենք նախնական ցուցակներն Արտաքին գործերի նախարարության հետ։ Ակնկալվում է 60-70 միջազգային դիտորդի ներկայություն, մասնավորապես, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Չեխիայից, Դանիայից, Ղրղզստանից, Արգենտինայից։
Ներկայումս համավատարմագրված են 17 միջազգային և 15 տեղական ԶԼՄ-ների լրագրողներ, բայց նրանց թիվը կավելանա ընտրություններին նախորդող մի քանի օրերի ընթացքում։ Մենք ակնկալում ենք 50-60 լրագրողի ժամանում։ Կլինի նաև Հայաստանի ԿԸՀ պատվիրակությունը։
«Նովոստի-Արմենիա» - Ե՞րբ կհայտնվի առաջին տեղեկատվությունը քվեարկության արդյունքների մասին։
Նասիբյան - Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը քվեարկության ընթացքի վերաբերյալ կհաղորդվի երեք ժամի պարբերականությամբ։ 48 ժամվա ընթացքում կամփոփվեն քվեարկության նախնական արդյունքները։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հինգ, իսկ բողոքների առկայության դեպքում՝ յոթ օրվա ընթացքում։ Բայց սովորաբար մեկ օրվա կամ հաջորդ օրվա սկզբին մենք ամփոփում ենք տեղերից ստացված նախնական արդյունքները։ -0-

