Ռուսաստանը նոր տնտեսական նախագծեր է քննարկում Հայաստանի հետ. ՌԴ փոխվարչապետ

22.05.2009, 13:18
Ռուսաստանը նոր տնտեսական նախագծեր է քննարկում Հայաստանի հետ. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը նոր տնտեսական նախագծեր է քննարկում Հայաստանի հետ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը քննարկում է Հայաստանի հետ տնտեսական նոր նախագծերի իրագործման հնարավորությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

«Հայաստանի հետ նոր նախագծերը քննարկվում են, աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, անընդհատ դրա մասին զեկուցվում է կառավարությանը։ Նույնիսկ նման ծանր ճգնաժամային պայմաններում նախագծերը քննարկվում են, և ես կարծում եմ, որ ձեռներեցները դրանք իրագործելու հնարավորություն ունեն», - ասաց նա։

Շուվալովը նշեց, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև մշտական շփումներ են իրականացվում, և Հայաստանի տնտեսության ֆինանսական աջակցության մասին սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Անընդհատ թվեր են հրապարակվում այն մասին, թե որքանով է Ռուսաստանի տնտեսությունն ինտեգրված Հայաստանի տնտեսության հետ, որքան են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները», - ասաց նա։

ՌԴ փոխվարչապետի խոսքերով՝ ընդհանուր առմամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև զուտ տնտեսական շահերից բացի, «մենք միմյանց վերաբերվում ենք որպես եղբայր ժողովուրդներ»։

«Կարծում եմ, որ մենք զարգացման լավ շատ հեռանկարներ ունենք», - ընդգծեց Շուվալովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում տնտեսապես աջակցել Հայաստանին։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսություն արված ռուսական ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1,8 միլիարդ դոլար, և Հայաստանում շուրջ 1000 ընկերություն աշխատում է ռուսական կապիտալի մասնակցությամբ։-0-