ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը մտադիր է վերականգնել հանրապետության բռնցքամարտի հարուստ ավանդույթները

19.02.2009, 13:05
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը մտադիր է վերականգնել հանրապետության բռնցքամարտի հարուստ ավանդույթները
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը մտադիր է վերականգնել հանրապետության բռնցքամարտի հարուստ ավանդույթները
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արման Մուրադյանը մտադիր է վերականգնել հանրապետության բռնցքամարտի հարուստ ավանդույթները։

«Ես գործարար եմ և բոլոր հարցերում փորձում են դրական արդյունքի հասնել։ Իհարկե, հեշտ չի լինի, սակայն մեր առջև բռնցքամարտի հարուստ ավանդույթները վերականգնելու կոնկրետ խնդիր է դրված, և մենք լի ենք դա անելու վճռականությամբ», - հայտարարեց Մուրադյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, հայ երիտասարդները հոգով բռնցքամարտիկ են ծնվում, սակայն դա քիչ է չեմպիոն դառնալու համար։ Դրա համար անհրաժեշտ է և մարզիկի, և մարզիչի քրտնաջան աշխատանքը։

«Բռնցքամարտի ֆեդերացիան իր կողմից կփորձի ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու պատշաճ հսկողություն», - ասաց Մուրադյանը։

Նա նշեց, որ մեծ ուշադրություն կդարձվի մարզիչների որակավորման բարձրացմանը, որոնք դեռևս հին ձևով են աշխատում։ Նրանց համար կկազմարեպվեն սեմինարներ և վարպետության դասընթացներ։

Մուրադյանն ընդգծեց, որ ՀԲՖ-ն աշխատավարձեր է նշանակել շուրջ 40 մարզիչների և առաջատար մարզիկների, ինչը նախկինում չէր արվում:

Բացի այդ, հանրապետության բոլոր մարզադպրոցները կզինվեն ժամանակակից սարքավորումներով։ Այդ կապակցությամբ ուսումնասիրվում է Հայաստանի մարզերում բռնցքամարտի խմբակների իրավիճակը։

«Մենք գիտակցում ենք, որ առանց մասսայականության մեզ չի հաջողվի հասնել ծանրակշիռ արդյունքների մեծ ռինգերում։ Այդ պատճառով լուրջ ուշադրության կարժանանա երիտասարդության շրջանում բռնցքամարտի ժողովրդայնացումը», - ասաց Մուրադյանը։

ՀԲՖ-ի նախագահը տեղեկացրեց, որ ծրագրվում են նաև համատեղ հավաքներ ռուս բռնցքամարտիկների հետ, որոնք կանցկացվեն Հայաստանում և Ռուսաստանում։ Նրա խոսքերով, ուշադրությունից զուրկ չեն լինի նաև բռնցքամարտի վետերանները, որոնք հսկա ներդրում են կատարել հայկական սպորտի զարգացման գործում։

Մուրադյանը նաև նշեց, որ Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող բռնցքամարտի միջազգային երտասարդական մրցաշարը լավ հնարավորություն է պատկերացնելու, թե ինչ է սպասում ՀԲՖ-ին մայիսին, երբ այստեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

«Այս մրցաշարի ժամանակ մենք մեր առջև հատուկ նպատակներ չենք դրել, քանի որ հասկանում ենք, որ չի կարող մի քանի մենամարտ անցկացրած երիտասարդը հաղթել մրցակցին, ով մասնակցել է հարյուրից ավելի հանդիպումների, այդ թվում նաև միջազգային։ Եվ այս տեսակետից երևանյան մրցաշարը մեր մարզիկների համար հիանալի հնարավորություն դարձավ զգալու իրական մրցումների մթնոլորտը», - ասաց ֆեդերացիայի նախագահը։-0-