ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի հեռուն գնացող պլանները կարող են սպառնալիք դառնալ ոչ միայն Հայաստանի կամ հայերի, այլև ամբողջ աշխարհի համար, ասաց «Հաճն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյան–Ճարպիկյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
«Միջազգային հանրությունը շատ մեղմ է արձագանքում այդ գործողություններին (Արցախում, խմբգր.)։ Այսօր նրանք փորձում են ինչ–որ բան անել միայն խոսքի ուժի օգնությամբ։ Սակայն եկել է գործողություններին անցնելու ժամանակը, պետք է սկսել գոնե պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի, Իսրայելի և այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում են Արցախի պատերազմին։ Թուրքիան պետք է հասկանա, որ մեկուսանում է ամբողջ աշխարհից։ Այս պատերազմը կարող է դառնալ նոր` համաշխարհային պատերազմի սկիզբ։ Դա վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, որն ուզում է ապրել խաղաղ երկնքի տակ», – ընդգծեց նա։
Գրիգորյան–Ճարպիկյանը նաև նշեց, որ Ադրբեջանը չի թաքցնում Թուրքիայի աջակցությունն ու այն, որ Թուրքիան է վարում պատերազմը, իսկ Թուրքիան չի թաքցնում տարածաշրջան մտնելու և այնտեղ մեծ ազդեցություն ունենալու ցանկությունը։
Նրա կարծիքով, դա կարող է վատ անդրադառնալ Ռուսաստանի հեղինակության վրա և դառնալ տարածաշրջանում այդ երկրի ազդեցության կորստի սպառնալիք։
«Հիմա Արցախի դեմ կռվում է ոչ միայն Թուրքիան։ Այն բերում է հրոսակների, ահաբեկիչների, որոնք մտադրված գնում են` հայ ժողովրդին ոչնչացնելու համար։ Նրանք չեն թաքցնում իրենց նպատակը` վերստեղծել մեծ Թուրանը։ Սա ցեղասպանության կրկնություն է, և այստեղ իրենց դերը պետք է խաղան Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Պետք է դատապարտել Թուրքիայի գործողությունները և պաշտպանել մարդկանց իրավունքները, որոնք ապրում են իրենց տարածքներում, որտեղ ապրել են դարեր շարունակ։ Այլ տարբերակ լինել չի կարող», – ասաց Գրիգորյան–Ճարպիկյանը։
Նա նաև ընդգծեց, որ թուրք ժողովուրդները և նրանք, ովքեր հարյուրամյակներ առաջ իրենց հազարավոր բանակներով պատերազմել են Հայաստանի դեմ, այսօր շարունակում են իրենց պանթուրքական քաղաքականությունը, սակայն Հայաստանն այսօր ուրիշ է և ի վիճակի է հաղթել և հաղթահարել սպառնալիքը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում