Գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոս. փշերի միջով դեպի «Miss Earth 2015»

20.10.2015, 19:12
Հայ աղջիկների և կանանց գեղեցկությունը դարեր շարունակ հիացրել է ոչ միայն հայ տղամարդկանց, այլ նաև այլ ազգությունների ներկայացուցիչներին:
Գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոս. փշերի միջով դեպի «Miss Earth 2015»

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ աղջիկների և կանանց գեղեցկությունը դարեր շարունակ հիացրել է ոչ միայն հայ տղամարդկանց, այլ նաև այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Հայ մասնակիցները միշտ հաջողության են հասել գեղեցկության միջազգային մրցույթներում։ Այս տարին ևս բացառություն չէր, Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանը, մասնակցելով «Միսս Մոլորակ 2015» մրցույթին, արժանացավ «Միսս էլեգանտություն» տիտղոսին։

Իսկ հիմա մեկ այլ հայ գեղեցկուհի` Լիլիթ Մարտիրոսը պատրաստվում է մասնակցել «Miss Earth 2015» գեղեցկության և նորաձևության ամենահեղինակավոր մրցույթներից մեկին։

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի այս մրցույթին։ Հարկ է նշել, որ «Miss Earth» մրցույթն իր վարկանիշով գերազանցում է այնպիսի հեղինակավոր մրցույթներին, ինչպիսիք են «Միսս Մոլորակը» և «Միսս Աշխարհը»։ Մրցույթի նպատակն է պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, պահպանել բնությունը, բարելավել մարդկային հարաբերությունների բարոյական կերպարը։ Այս տարի մրցույթն առաջին անգամ կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաքում նոյեմբերի 18–ից դեկտեմբերի 6–ը, իսկ եզրափակիչը`դեկտեմբերի 5–ին։ «Miss Earth» մրցույթին Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մարտիրոսը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել իր մասին, ինչպես նաև խոսել է մրցույթի մասնակցությունից ակնկալվող սպասումների մասին։

– Պատմեք ձեր մանկության մասին...

– Ես ծնվել եմ Գյումրիում 1988 թ.–ին, երբ այնտեղ տեղի ունեցավ երկրաշարժը։ Մայրիկիս դժվարությամբ է հաջողվել փրկել ինձ փլատակների տակից։ Դրանից հետո սկսվեց մեր կյանքը ավերված քաղաքում։ Մենք սովորեցինք երբեք չզիջել դժվարությունների առաջ և հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դժվարությունները շատ էին, սակայն դրանք մեր ընտանիքն ավելի ուժեղ դարձրեցին։ Եվ մի բան էլ. փոքր տարիքում ծնողներս ինձ ներշնչում էին, թե ինչ կարևոր է սովորել։

Երկու տարեկանից սկսել եմ նկարել, այցելել եմ գեղարվեստի դպրոց։ Նկարչության նկատմամբ սերն արյանս մեջ է, դա ժառանգական է։ Իսկ պապիկս գրող է եղել, նա սովորեցրել է ինձ սիրել գրքերն և գրել։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ չնայած ծանր և ցուրտ տարիներին, ես ապրել եմ արվեստի մթնոլորտում։ Մինչև հիմա ապրում եմ դրանով, չէ՞ որ ես ծնունդով արվեստի և արհեստի քաղաքից եմ։

 - рис.1

– Ովքե՞ր են ձեր ծնողները։

– Մայրս հոգեբան է, իհարկե, հիմա զբաղվում է տնային տնտեսությամբ, իսկ հայրս մարզիկ է, նա ֆիզկուլտուրա է դասավանդում Գյումրու քոլեջներից մեկում։ Ծնողներս շատ են ինձ օգնում, իսկ մայրս իմ ոգեշնչման աղբյուրն է։

–Պատմեք մոդելային կարիերայի մասին։

– Մոդելային կարիերան պատահական է սկսվել, ես երբեք չեմ մտածել և չեմ երազել այդ մասին։ 2012 թ.–ին մորս խորհուրդով ես մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին և արժանացա «Միսս Շիրակ» տիտղոսին։ Մրցույթին հաջող մասնակցելուց հետո ինձ հետ պայմանագիր կնքեց հեղինակավոր մոդելային գործակալություններից մեկը, և ես շատ շուտ հասա հաջողությունների։ Հասել եմ անհավանական բարձունքների։

– Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք եք ներկայացնելու Հայաստանը «Miss Earth 2015» մրցույթին։ Ձեզ համար ի՞նչ է նշանակում մրցույթին մասնակցելը։

– 2015 թ.–ին ես մասնակցել եմ «Թոփ–մոդել Հայաստան» մրցույթին, որտեղ հաղթել եմ և իրավունք ստացել մասնակցելու «Աշխարհի թոփ–մոդել» մրցույթին, որը վերջերս անցկացվեց Եգիպտոսում։

Քանի որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Miss Earth 2015» մրցույթին, ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ներկայացնել իմ երկիրը։

– Ծանո՞թ եք մնացած մասնակիցների պորտֆոլիոներին։

– Այս տարի մրցույթն առանձնանում է մասնակիցների աննախադեպ թվով, ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում են 115 երկրներ ներկայացնող աղջիկներ։ Նրանք բոլորը շատ գեղեցիկ են։ Նրանցից շատերի հետ արդեն հասցրել եմ ընկերանալ Facebook–ի միջոցով, նրանք բոլորը շատ բարյացակամ և խելացի են։

– Հավատու՞մ եք ձեր հաղթանակին։ Ըստ ավանդույթի` հաղթողը հանդես է գալիս ելույթով։ Արդեն մտածե՞լ եք, թե ինչ եք ասելու։

– Երբեք չեմ ապրում սպասումներով, քանի որ կյանքն անկանխատեսելի է, և ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Ես երկրաշարժից ավերված Գյումրու փլատակների տակից փրկված երեխա եմ, ներկայացնում եմ Հայաստանը գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկում։ Եթե անգամ չհասնեմ հաջողության, այն, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս մրցույթին, արդեն հիանալի է։ Պարզապես հարկավոր է հավատալ, աղոթել և լինել հայրենասեր։ Չէ՞ որ գեղեցկության քարտեզի վրա կհայտնվի նաև Հայաստանը։

Դեռ չեմ մտածել ելույթիս մասին, այն պետք է բխի սրտից և լինի պահի ազդեցության տակ...

– Հավատու՞մ եք, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։

–Այո, գեղեցկությունն ու բարությունը կփրկեն աշխարհը...

– Որտե՞ղ եք սիրում հանգստանալ և հանգստի  ի՞նչ ձև եք գերադասում` ակտի՞վ, թե պասի՞վ։

– Շատ եմ սիրում ծովեր և օվկիանոսներ և նախընտրում եմ հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ կա ծով, ավազ և արև։ Այդ ամենը թույլ է տալիս ավելի շատ հիանալ մեր երկրագնդի գեղեցկությամբ և ստիպում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ հանգստի ժամանակ։

– Պահպանու՞մ եք հատուկ դիետա։

– Խիստ ընտրողաբար եմ մոտենում սննդին, սակայն դիետայի չեմ հետևում։ Հարկավոր է ճիշտ սնվել, խմել շատ ջուր և, իհարկե, զբաղվել սպորտով, լինել դրական, լավատես և խուսափել սթրեսներից։ Յուրաքանչյուր կին գեղեցիկ է և առանձնահատուկ, երբ երջանիկ է։

 - рис.2

– Օրվա ո՞ր ժամն եք ամենից շատ սիրում։

– Մայրամուտն ու լուսաբացը։ Ես ամեն օր հետևում եմ բնության այդ զարմանահրաշ երևույթներին,  որոնցից շունչդ կտրվում է։ Այդ րոպեներին կարելի է պարզապես վայելել այն գեղեցկությունը, որով շրջապատել է մեզ Աստված։

– Ո՞րն է ձեր սիրած երաժշտական ոճը։

– Դաշնամուրի համար գրված դասական երաժշտությունը, ինչպես նաև Chillout ոճը։

– Իսկ ո՞րն է ձեր սիրած գիրքը։

– Վերջերս ինձ հետաքրքրել է հնդիկ փիլիսոփա, գրող և նոբելյան դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի «Գիթանջալի» գիրքը։ Ընթերցում եմ նաև գիտական գրքեր գլխուղեղի, գիտակցության և ենթագիտակցության մասին։ Այսպես, հիմա ես ամեն օր քնելուց առաջ ընթերցում եմ Խոսե Սիլվայի «Բանականության կառավարում» գիրքը։

–Դուք, իհարկե, ունեք նաև սիրած ֆիլմ...

– «Մեր մանկության տանգոն»։

– Ունե՞ք, արդյոք, զուգընկեր։

– Ոչ և չեմ ունեցել։

– Ուզու՞մ եք ունենալ շատ երեխաներ։

– Շատ եմ սիրում երեխաներին, սակայն դեռ չեմ մտածել այդ մասին։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է...

–Ինչի՞ մասին եք երազում։

– Ունեմ նպատակներ, իսկ դրանց հասնելու համար կան շատ ծրագրեր և ուղիներ, որոնք ես երազանքներ չեմ համարում։ Մենք բոլորս ցանկանում ենք լինել երջանիկ, սակայն յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է ընկալում և սահմանում այդ հասկացությունը։–0–