Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի

30.05.2016, 11:43
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։  
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի շուրջ առաջացած իրարանցումը մինչև հիմա չի հանդարտվել։ Մրցույթի ամենավառ աստղերից էր Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։ 

«Նովոստի–Արմենիա» – Իվետա, նախևառաջ, շնորհավորում ենք «Եվրատեսիլին» հիանալի ելույթի կապակցությամբ: Ի՞նչ զգացումներ ունեիր` հայրենիքդ միջազգային մրցույթին ներկայացնելիս։

Իվետա Մուկուչյան – Շատ շնորհակալ եմ և անչափ զգացված: Իրականում ինձ մոտ այժմ այնպիսի տպավորություն է, որ որքան էլ շնորհակալություն հայտնեմ իմ հայրենակիցներին, քիչ է լինելու: Նրանց փոխանցած դրական էներգիան ինձ իսկապես մեծ ուժ տվեց, և դրա արդյունքում ես կարողացա մոռանալ ամեն ինչի մասին՝ հոգնածության, այլ պլանների և կենտրոնանալի միայն «Եվրատեսիլի» մասնակցությանս վրա:

Իսկ ինչ վերաբերում է զգացողություններիս, ապա իսկապես դժվարանում եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում էի: Միայն հիշում եմ, որ յուրաքանչյուր փորձից և ելույթից հետո ափսոսում էի, որ այդքան շուտ են ավարտվում այդ 3 րոպեները։

 - рис.1

«Նովոստի–Արմենիա» – Գո՞հ ես մրցույթին քո ելույթի արդյունքներից։

Իվետա Մուկուչյան  – Յուրաքանչյուր արտիստ, երբ մասնակցում է մրցույթի, ցանկանում է լավագույնը լինել, առաջատար հորիզոնականներ գրավել: Իհարկե մենք էլ ողջ թիմով ամեն բան արել ենք, որ ավելի լավ արդյունքներ գրանցենք, բայց այժմ ունենք այն, ինչ ունենք: Ինձ համար անգնահատելի է այն ուշադրությունը, որ այժմ զգում եմ իմ հայրենիքում, իմ հայրենակիցների կողմից:

«Նովոստի–Արմենիա» – Հետաքրքիր կլիներ իմանալ քո կարծիքը Եվրատեսիլի հաղթողի` Ջամալայի մասին, ով ևս հայկական արմատներ ունի: Ի՞նչ հարաբերություններ էին ձևավորվել ձեր միջև:

Իվետա Մուկուչյան – Նա ուժեղ արտիստ է՝ հզոր ձայնով, ով կարողացավ իր անկեղծ ելույթով գրավել եվրատեսիլյան հանդիսատեսին:

«Նովոստի–Արմենիա» – Մրցույթի արդյունքները շատերի վրդովմունքն առաջացրեցին, մարդիկ կարծում են, որ արդյունքները քաղաքականացված են: Ի՞նչ կարծիք ունես այս հարցի շուրջ։

Իվետա Մուկուչյան – «Եվրատեսիլն» առաջին հերթին երաժշտական մեծ տոն է, ամենամեծ մրցույթներից մեկը, որը հնարավորություն է տալիս արտիստին ելույթ ունենալ ավելի քան 200 միլիոն հեռուստադիտողների առջև: Սա այն մրցույթն է, որը հնարավորություն է տալիս արտիստին ներկայացնել իր երկիրը, մշակույթը: Եվ սա է ամենակարևորը ինձ համար: 

«Նովոստի–Արմենիա» – Մրցույթի ժամանակ Ղարաբաղի դրոշի ծածանումը մեծ արձագանք առաջացրեց: Դու նախապե՞ս էիր ծրագրել դա: Եվ, արդյոք, չէիր վախենու՞մ մրցույթից հեռացվելուց:

Իվետա Մուկուչյան – Այդ քայլը նախապես ծրագրված չէր, դա իմ հոգու ճիչն էր: Իսկ թե ինչ կհաջորդեր այդ քայլին, երկրորդական էր արդեն:

 - рис.2

«Նովոստի–Արմենիա» – Մրցույթի եզրափակիչում Ջասթին Թիմբերլեյքը գովել է քեզ հիանալի ելույթի համար: Ի՞նչ զգացիր նման հռչակավոր աստղից հաճոյախոսություն ստանալիս:

Իվետա Մուկուչյան – Ինչ խոսք, շատ հաճելի էր: Երբ նման մեծության արտիստ գալիս է և իր հիացմունքի խոսքերն է ասում, թվում է, թե այդ պահին ամեն բան լռում է: Ջասթինից հաճոյախոսություններ ստանալը ևս հաղթանակ է ինձ համար:

«Նովոստի–Արմենիա» – «Եվրատեսիլի» հայ մասնակիցներից ու՞մ ես ամենից շատ համակրում: Ո՞վ է քեզ ամենից շատ օժանդակել նախապատրաստական գործընթացում և հենց մրցույթի ընթացքում։

Իվետա Մուկուչյան – Բոլոր մասնակիցների հետ էլ լավ հարաբերություններ ունեմ, նրանք բոլորն էլ իմ կողքին են եղել և աջակցել: Թերևս ամենից շատ խորհուրդներ Արամ mp3-ն է տվել:

«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ խորհուրդ կտաս քո հետնորդին, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին:

Իվետա Մուկուչյան – Լինել անկեղծ բեմում, հավաքել ամբողջ ուժերը, չմտածել հոգնածության մասին և անել այդ պահին հնարավոր առավելագույնը:

 - рис.3

«Նովոստի–Արմենիա» – Հայաստանում քեզ շատ սիրում են և հիանում քո տաղանդով, շատ երկրպագուներ անհամբերությամբ սպասում են նոր երգերի: Որո՞նք են քո առաջիկա ծրագրերը: Կշարունակես աշխատել Հայաստանու՞մ, թե՞Գերմանիայում:

Իվետա Մուկուչյան – Այժմ ստեղծագործական բուռն ընթացքի մեջ եմ: Նոր երգեր եմ գրում և մի բան հստակ կարող եմ ասել՝ իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի:–0–