Պետրոսով. համաշխարհային քաղաքականությունը կշարունակի ագրեսիվ մնալ

29.12.2015, 18:14
«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն, քաղաքական մեկնաբան Կոնստանտին Պետրոսովը «Ռուսկայա պլանետային» իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի մոտ ապագայի վերաբերյալ։
Պետրոսով. համաշխարհային քաղաքականությունը կշարունակի ագրեսիվ մնալ

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն, քաղաքական մեկնաբան Կոնստանտին Պետրոսովը «Ռուսկայա պլանետային» իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի մոտ ապագայի վերաբերյալ։

– Ինչպե՞ս կբնութագրեիք 2015 թ.–ի գլխավոր միտումը։

– Անցնող տարվա գլխավոր միտումը միջազգային հարաբերություններում սաստկացող փոփոխականությունն է։ 2015 թվականը, ցավոք, չնվազեցրեց համաշխարհային քաղաքականության լարվածության աստիճանը։ Երկրի առաջնորդներն անկեղծորեն բարձրացնում են «խաղադրույքները»`հուսալով, հավանաբար, որ առաջինը կսասանվի և ճանապարհից կշեղվի հակառակորդը։ Լարվածության օջախներն ամենուրեք են, ավելին, երկրների միջև հակամարտությունները դառնում են անձնավորված, ինչը դժվարացնում է այդ հակամարտությունների կարգավորումն ու հնարավոր փոխզիջումների որոնումը։

Հակամարտությունների հետևանքով աճում է փախստականների և տեղահանված անձանց թիվը։ Այդ պատճառով անցնող տարվա գլխավոր իրադարձությունների թվում կարելի է նշել Եվրոպայում գրանցված միգրացիոն ճգնաժամը։ Մերձարևելյան ճգնաժամի հետևանքով Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների շուրջ 1,2 մլն միգրանտներ հիմնականում Թուրքիայի և Հունաստանի տարածքով տեղափոխվեցին Եվրամիության երկրներ։ Այս խնդրի պատճառով սրվեցին երկրների միջև հակասությունները, որոնք վերաբերում են ԵՄ–ի գործունեության համար կարևորագույն սկզբունքին` Շենգենյան օրենսդրությանը ԵՄ–ի ներսում քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին։ Փախստականների հոսքին հակազդելու համար ԵՄ մի շարք երկրներ վերահսկողություն սահմանեցին «շենգենի» ներքին սահմաններում, իսկ մյուս երկրները տեղադրեցին պատեր և ժամանակավոր պարիսպներ։

Անցնող տարվա գլխավոր «սև» իրադարձությունների թվում կարելի է նշել Եգիպտոսում և Ֆրանսիայում կազմակերպված ահաբեկչությունները։ Հոկտեմբերի 31–ին կազմակերպված ահաբեկչության հետևանքով ռուսական ինքնաթիռը կործանվեց Սինայի թերակղզու հյուսիսում, ինչի հետևանով զոհվեց 224 մարդ։ Երկու շաբաթ հետո ահաբեկիչները մի շարք ահաբեկչություններ կազմակերպեցին Փարիզում, կրակ բացեցին թատրոնի հանդիսատեսի և փարիզյան մի շարք սրճարանների այցելուների ուղղությամբ, երեք պայթյուն որոտաց «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Երկու դեպքում էլ պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արմատական իսլամիստները։

Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունների թվում կարելի է նշել նաև ռուս–թուրքական առճակատումը, որն իր «ավանդն» ունեցավ միջազգային հարաբերությունների` առանց այդ էլ փխրուն համակարգի փլուզման գործում։ Ռուսական Սու–24 ինքնաթիռի (որը մասնակցում էր Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին և ոչնչացվել էր թուրքական ՌՕՈւ–ի կողմից) նկատմամբ իրականացրած թուրքական սադրանքի հետևանքով Մոսկվայի և Անկարայի գրեթե ռազմավարական հարաբերությունները մի ակնթարթում դարձան ոչ բարեկամական։ Բնականաբար, պաշտոնական Անկարայի գործողություններն արժանացան ռուսական ղեկավարության ամենակոշտ հայտարարություններին, և Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ կիրառեց տնտեսական պատժամիջոցներ։ Այս ամենի հետևանով տուժում է կայունությունը, այդ թվում` Հարավային Կովկասի տարածաշրջանում։

– Ձեր կարծիքով` ո՞րն է Հայաստանում և Անդրկովկասում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունը, ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանի զարգացման վրա հաջորդ տարում։

– Հայաստանում անցնող տարում տեղի ունեցած ամենագլխավոր քաղաքական իրադարձություններից կարելի է նշել դեկտեմբերին անցկացված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեն, որոնցով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Գործադիր իշխանության գերագույն մարմին է հռչակվում կառավարություը, որը սեփական ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը։ Կառավարությունը ստանձնում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։ Փոփոխությունների համաձայն` նախագահը պետք է վարչապետի պաշտոնում նշանակի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցական դաշինքի առաջադրած թեկնածուին։ Նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկության միջոցով, այլ խորհրդարանի կողմից, ընդ որում միևնույն մարդը կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնն ընդամենը մեկ անգամ։

Բնական է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր են որոշակի վերափոխումներ։ Սակայն, մասնագետների կարծիքով, եթե չլինեն ֆորս–մաժորային հանգամանքներ, իշխող Հանրապետական կուսակցությունը 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններից հետո ունի գերիշխող դիրքերը պահպանելու բոլոր հնարավորությունները։

2015 թվականը Հայաստանում անցավ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ներքո։ Պետական մակարդակով ներկայացվեց հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման ձեռքբերման, ինչպես նաև այդ ոճրագործության հետևանքների վերացման հարցում։ Տարվա ընթացքում կազմակերպվեցին հարյուրավոր միջոցառումներ, խոշոր գիտաժողովներ, համաժողովներ, ցուցահանդեսներ։ Ապրիլի 24–ին Հայաստան այցելեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև աշխարհի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը։ Անմեղ զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց նաև Վատիկանում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտեց ցեղասպանությունն` անտեսելով Թուրքիայի սուր արձագանքը։

Անցնող տարում շարունակվեց միջազգային ճանաչման գործընթացը։ Մարդկության դեմ կատարված այս հանցագործության փաստը ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան։ Այս պահի դրությամբ Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել է 24 պետություն (Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Բոլիվիա, Շվեդիա, Չիլի, Լիտվա, Լեհաստան, Վենեսուելա, Նիդեռլանդներ, Սլովակիա, Արգենտինա, Շվեյցարիա, Իտալիա, Վատիկան, Հունաստան, Ֆրանսիա, Բելգիա, Լիբանան, Կանադա, Ռուսաստան, ԵՄ, Կիպրոս, Ուրուգվայ), ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները` Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Ռուս–թուրքական հարաբերությունների սրման կապակցությամբ Հայոց ցեղասպանության հարցը ներառվեց ռուսական «հակաթուրքական պատժամիջոցների» օրակարգում։ Մասնավորապես, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը հանդես եկավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման նախաձեռնությամբ։ Ընդ որում  ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի փորձագիտական հանրությունը հիացած չէ նման ռեակտիվ քաղաքականությունից և չի կարծում, որ այդ հույզերն ու ակնթարթային հետաքրքրությունները պետք է սահմանեն ընդհանուր օրակարգը։

– Դժվար է հիմա որևէ բան կանխատեսել, սակայն, ամեն դեպքում, կներկայացնեք Ձեր կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասվում հաջորդ տարի Հայաստանում, Ռուսաստանում և ընդհանրապես աշխարհում։

– Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հաջորդ տարին կլինի լարված միջազգային հարաբերությունների համատեքստում։ Ադրբեջանի քաղաքականությունը նպատակաուղղված է ղարաբաղյան հակամարտության սրմանը, որտեղ իրավիճակը կարող է դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերահսկողությունից։ 1994 թ.–ին հրադադարի ռեժիմի սահմանումից հետո առաջին անգամ Ադրբեջանը սկսեց կիրառել տանկեր և հաուբից, ինչի  հետևանքով լարվածությունը հայտնվում է նոր և շատ վտանգավոր մակարդակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարվա վերջում Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ։ Նախագահը ՀԱՊԿ անդամ երկրներին հիշեցրեց փոխադարձ պարտավորությունների և ՀԱՊԿ–ի կանոնադրության համապատասխան հոդվածի մասին և կոչ արեց օրինակ վերցնել ՆԱՏՕ–ի երկրներից անվերապահ աջակցության հարցում Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու–24–ի օրինակով, այլ ոչ թե հակադրել սեփական շահերն ու հեռանկարները ընդհանուր շահերին և պարտավորություններին։

Հայաստանի տնտեսությունը ևս կհայտնվի բարդ վիճակում։ Համաշխարհային միտումները, մասնավորապես, Եվրոպայի տնտեսության դանդաղ աճը, Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկումն ու նավթի գների մակարդակը թույլ չեն տալիս կանխատեսել տնտեսության բարձր ցուցանիշներ։ Թույլ ներքին պահանջարկը զսպում է սպառումն ու ներդրումները, իսկ Ռուսաստանի տնտեսական մթնոլորտի վատացումը նպաստում է դրամական փոխանցումների կտրուկ նվազմանը։

Համաշխարհային քաղաքականությունը կշարունակի ագրեսիվ մնալ։ Համենայն դեպս, մինչև ԱՄՆ նախագահի նոր ընտրություններն աշխարհի քաղաքական իրավիճակում լուրջ փոփոխություններ չեն գրանցվի։ Կարելի է կանխատեսել, որ Սիրիայում կշարունակվի Ռուսաստան–Արևմուտք դիմադրությունը, իսկ  եվրոպական մայրցամաքում կակտիվանան ահաբեկչական կազմակերպությունները։ Չպետք է մոռանալ նաև ռուս–թուրքական լարված հարաբերությունների, պատժամիջոցների պատերազմի, ինչպես նաև ավելի լուրջ բախումների մասին, որոնք հնարավոր են  Սիրիայում մի շարք երկրների կողմից անցկացվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Բացի այդ, օրակարգում է նաև «մարմանդ» կայծկլտացող ուկրաինական հակամարտությունը։

Զգուշավոր լավատեսության առիթ է Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման բանաձևը, որը տարեվերջին միաձայն ընդունվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից։ Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ  կազմակերպել բանակցություններ` սիրիական հակամարտության կողմերի մասնակցությամբ և պահպանել հրադադար։ Ե՛վ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում ընդգծում են` եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա ահաբեկիչների դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, իսկ աշխարհը դրանից միայն կշահի։–0–