Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 մարդ մահացել է, 11 տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

22.06.2026, 11:00
1 զոհ, 11 տուժած․ Արագածոտնում բախվել են Ford Transit–ն ու ZIL բեռնատարը
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 մարդ մահացել է, 11 տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։ 

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 11 մարդ հոսպիտալացվել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով հոսպիտալացված 11 տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: