Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 5 անձ, այդ թվում՝ երեխա՝ բազմակի կոտրվածքներով

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք,1 հոգու կյանքը փրկել չի հաջողվել», – նշվում է գերստեսչության հաղորդագրության մեջ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ-ն է: