Կրակել է գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ. հայտնի են Երևանում գրանցված միջադեպի հանգամանքները (ՎԻԴԵՈ)

13.01.2022, 15:50
Կրակել է գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ. հայտնի են Երևանում գրանցված միջադեպի հանգամանքները. ՎԻԴԵՈ
Կրակել է գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ. հայտնի են Երևանում գրանցված միջադեպի հանգամանքները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իարականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիագանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 11-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող զենքով, իր անձի առավելությունն ընդգծելու և իր կամքը շրջապատին հակադրելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Ա.Վշտունու փողոցում գործող գարեջրատանը կրակոց է արձակել նույն գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ՝ վերջինիս ծնկի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք, խաթարելով գարեջրատան բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 7X62 մմ տրամաչափի պարկուճ, գնդակի պատյան, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, նշանակվել են դատաբաժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի՝ 1990թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիագանություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–