«Նաիրիտում» այրվում է լաքէթինոլ նյութը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ժամը 15.00–ի դրությամբ ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:
ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը: ԱԻՆ–ի տեղեկատվության համաձայն, այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին; Հրդեհից առաջ գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել։
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: -0-