Չինաստանը 24 տարվա մեջ առաջին անգամ մեծ պանդաներ է ուղարկում ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանը 24 տարվա մեջ առաջին անգամ մեծ պանդաներ է ուղարկում ԱՄՆ։
Երկու երեք տարեկան պանդաները՝ Բաո Լինը և Ցին Բաոն, տեղափոխվել են Վաշինգտոնի ազգային կենդանաբանական այգի՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Դուցզյանյանի հետազոտական կենտրոնից, հաղորդում է gazeta.ru–ն։
Պանդաները Միացյալ Նահանգներ են թռչել հատուկ Boeing 777 ինքնաթիռով, որն անվանել են Panda Express։ Պանդաների հարմարավետ թռիչքի համար ինքնաթիռում եղել են եգիպտացորենի բլիթներ, բամբուկ, գազար, ջուր և դեղորայք։
Պանդան Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն է։ Աշխարհի բոլոր պանդաները (ինչպես վայրի բնության, այնպես էլ անազատության մեջ ծնվածները) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սեփականությունն են։ Կենդանաբանական այգիները չեն կարող գնել պանդա, բայց կարող են վերցնել ժամանակավոր պահելու համար: