Բելգիայում բժիշկները «ամոթի միջանցք են» կազմել վարչապետի համար (ՎԻԴԵՈ)

18.05.2020, 12:50
«Ամոթի միջանցք» վարչապետի համար. Բելգիայում բժիշկները հատուկ ձևով իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին. ՎԻԴԵՈ
Բելգիայում բժիշկները «ամոթի միջանցք են» կազմել վարչապետի համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բելգիայի հիվանդանոցներից մեկի անձնակազմը կազմակերպել է այսպես կոչված «ամոթի միջանցք» թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսի համար։ Բողոքի ակցիան հայտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում, գրում է «Իզվեստիան»։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17–ին Սեն–Պիեր հիվանդանոցում, ուր այցելել է Վիլմեսը` բժիշկների հետ շփվելու համար։

Սպասելով վարչապետին` հիվանդանոցի մոտ 100 աշխատակից միջանցք են կազմել, և երբ վարչապետի շարասյունը մոտեցել է նրանց, նրանք հերթով մեջքով շրջվել են մեքենային, որում եղել է Վիլմեսը։

Ինչպես նշում է dhnet պորտալը, բժիշկներն այդ կերպ որոշել են իրենց դժգոհությունը հայտնել առողջապահական համակարգի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից կորոնավիրուսի պայմաններում։

Բժիշկների արհմիությունում նշել են, որ Բելգիայի կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում բժիշկներին աշխատանքի ծանր պայմանների համար և չի բարձրացնում աշխատավարձը` միաժամանակ պահանջելով, որպեսզի բժիշկներն անհրաժեշտության դեպքում աշխատեն նախատեսված ժամանակից շատ, գրում է ՏԱՍՍ–ը։

Հիվանդանոց կատարած այցի ժամանակ Վիլմեսը նշել է, որ առողջապահության համակարգը պետք է վերակառուցվի և լրացուցիչ ֆինանսավորվի։ Նա 40 րոպե շփվել է հիվանդանոցի աշխատակիցների հետ և խոստացել, որ բժիշկները կստանան նյութական և հոգեբանական աջակցություն։

Ավելի ուշ Twitter–ում նա նշել է, որ հանդիպումը կարևոր էր և բժիշկներին հուզող որևէ թեմա չի մատնվել անուշադրության։–0–