Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ։
Բորսան ապահովում է․
– առուվաճառքի իրականացում․ հարթակը սահմանում է կանոններ բոլոր մասնակիցների համար
– անսխալ աշխատող համակարգեր
– գործարքների անվտանգություն․ արժեթղթեր առաջարկող և գործարքների միջնորդներ դարձող ընկերությունները պետք է ունենան լիցենզիա, ներկայացնեն հաշվետվություն և հաստատեն, որ համապատասխանում են չափորոշիչներին
– մասնակիցների իրավունքների պաշտպանություն․ մասնակիցների միջև վիճահարույց իրավիճակները դիտարկում և լուծում են անկախ հանձնաժողովները
– տվյալների հասանելիություն․ արժեթղթերի մասին տեղեկատվությունը (համար, արժեք, գործարքների քանակ) հավասարապես հասանելի է բոլորին
– գործարքների կատարում․ բորսան հարթակ է, որտեղ ընկերությունները հնարավորություն են ստանում հրապարակային վաճառել իրենց բաժնետոմսերը հետաքրքրված բոլոր ներդրողներին։
Բացի այդ, բորսան պայմաններ է ստեղծում սեփականության իրավունքների փոխանցման, ինչպես նաև գնանշումների արդար սահմանման համար, այսինքն՝ ակտիվների գների, որոնցով դրանք պատրաստ են վաճառել և գնել։
Ըստ ապրանքի տեսակի՝ բորսաները լինում են ֆոնդային, ապրանքային, արժութային և կրիպտոարժութային։ Ֆոնդային բորսաներում վաճառում և գնում են արժեթղթեր (բաժնետոմսեր և պարտատոմսեր)։ Ապրանքային բորսաներում կատարում են գործարքներ իրական ապրանքներով (թանկարժեք մետաղներ, օգտակար հանածոներ), ֆյուչերսներով և օպցիոններով, արժութային բորսաներում՝ արժույթով։ Բորսայի «ամենաերիտասարդ» տեսակը կրիպտոարժութայինն է։ Այստեղ գնում և վաճառում են համապատասխան ակտիվ։
Ֆոնդային բորսայի առանձնահատկությունները
Ֆոնդային բորսայի հիմնական ներդրումային գործիքներն են արժեթղթերը՝ բաժնետոմսերն ու պարտատոմսերը, ինչպես նաև ֆյուչերսներն ու օպցիոնները (դրանք պայմանագրեր են, որոնք ֆիքսում են կողմերի պարտավորություններն ու իրավունքներն ակտիվների գնման և վաճառքի համար)։
Բորսայի մասնակիցները
Ֆոնդային շուկայում կան պրոֆեսիոնալ մասնակիցներ՝ ընկերություններ, որոնցից պահանջվում է լիցենզիա, կարգավորող և գրանցման մարմիններ և ներդրողներ, որոնց նկատմամբ նման պահանջներ չեն ներկայացվում։ Առաջին խումբը ներառում է բրոքերներ, կարգավորողներ և թողարկողներ:
Բրոքերներն ընկերություններ են, որոնք միջնորդներ են ներդրողների և բորսայի միջև։ Նրանք բացում են հատուկ հաշիվ հաճախորդների համար և կատարում են գործարքներ նրանց անունից՝ ստանալով միջնորդավճար իրենց ծառայությունների համար։
Թողարկողները մասնակիցներ են, որոնք թողարկում են արժեթղթեր և տեղաբաշխում դրանք բորսայում՝ վաճառքի համար։ Նրանց թվում կան ինչպես ընկերություններ, այնպես էլ քաղաքների, մարզերի և պետությունների իշխանությունների մարմիններ։
Կարգավորողները կազմակերպություններ են, որոնք լիցենզիա են տրամադրում պրոֆեսիոնալ մասնակիցներին, հետևում են, որպեսզի դրանք համապատասխանեն պահանջներին և գործեն՝ ըստ կանոնների։ Կարգավորողները պաշտպանում են ներդրողների իրավունքներն ու ստեղծում են վեճերի լուծման մեխանիզմներ։
Գրանցողները պրոֆեսիոնալ մասնակիցներ են, որոնք վարում են տվյալների բազան՝ հաշվի առնելով արժեթղթերի բոլոր սեփականատերերին։ Գրանցողի հաճախորդներն են բաժնետիրական ընկերությունները։
Դեպոզիտարիան ընկերություն է, որը պահում է արժեթղթերն ու վարում ռեեստր։ Դեպոզիտարիան հանդես է գալիս որպես ներդրողների իրավունքների երաշխավոր։
Ներդրողներն իրավաբանական և ֆիզիկական անձինք են, որոնք գնում են արժեթղթերը՝ նախատեսելով բազմապատկել կապիտալը։
Նման մասնակիցները չեն ստանում լիցենզիա և գործարքները կատարում են առանց բրոքերների։ Կան նաև «որակյալ» ներդրողներ։ Նման մասնակիցների հատուկ կարգավիճակը հիմնված է այն բանի վրա, որ նրանք ունեն հատուկ գիտելիքներ, փորձ և ֆինանսական հնարավորություններ շուկայում ինքնուրույն գործարքներ կատարելու և ավելի ռիսկային ակտիվներում ներդրում կատարելու համար։ «Որակյալ» ներդրողներ կարող են լինել մասնավոր անձինք և կազմակերպությունները, որոնք համապատասխանում են մի շարք պահանջների (կրթություն, սերտիֆիկատների առկայություն, գործարքների հետ կապված որոշակի շրջանառություն և այլն)։
Քլիրինգային կենտրոնն ընկերություն է, որն իրականացնում է հաշվարկներ մասնակիցների միջև և միջոցներ է փոխանցում ակտիվների գնորդից վաճառողին:

Ինչպես դառնալ ներդրող
Ներդրում կատարելու տեխնիկական գործընթացը բարդ չէ։ Պետք է բացել բրոքերային հաշիվ, տեղադրել հատուկ ծրագիր կամ հավելված, ընտրել ակտիվ և բրոքերին ներկայացնել գործարք կատարելու հայտ։ Հետո բորսան այդ հայտը գրանցում է, իսկ հաշվիչ մարմիններն իրականացնում են միջոցների փոխանցում վաճառողի և գնորդի միջև։
Ինչպես է տեղի ունենում առևտուրը
Շուկայի մասնակիցների միջև գործարքների կատարումը նախատեսում է մի քանի քայլ։ Սկզբից նրանք պետք է արժեթղթերի գնման կամ վաճառքի հայտ ներկայացնեն, որը հայտնվում է էլեկտրոնային համակարգում։ Այնուհետև տեղի է ունենում գործարքի պարամետրերի ստուգում երկու կողմերում։ Հաջորդ քայլը քլիրինգն է, այսինքն՝ անկանխիկ հաշվարկի իրականացում վաճառողի և գնորդի միջև ու փաստաթղթերի ձևակերպում։ Դրանից հետո արժեթղթերը փոխանակվում են փողով։
Նախկինում գործարքները կնքվում էին հատուկ սենյակում, որտեղ հանդիպում էին բազմաթիվ թրեյդերներ և բրոքերներ։ Այժմ պայմանների մասին «բղավելն» ու աշխույժ ամբոխի մեջ համաձայնություններ ձեռք բերելը մեծ մասամբ դարձել է կինեմատոգրաֆիկ իրականության մաս:
Ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը կանխորոշել է էլեկտրոնային առևտրի բուռն աճը։
Էլեկտրոնային բորսաները, որտեղ բոլոր առևտրային գործընթացներն ամբողջովին ավտոմատացված են, հնարավորություն են տալիս մի քանի անգամ մեծացնել իրացվելիությունը և առևտրի ծավալները, ավելացնել հայտերի (օրդերների) կատարման արագությունը, ինչպես նաև նվազեցնել գործարքային ծախսերը:
Բորսաները կատարում են գործարքներ տեղեկատվական ցանցի միջոցով, որում ներառված են բաժանորդային համակարգերը։ Բրոքերական ընկերությունները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գործարքներ բջջային հավելվածների, վեբ–ծառայությունների և ծրագրերի միջոցով։ Ներդրողը կարող է հեռահար ընտրել ակտիվներ, հետևել գների շարժին և փոխել պորտֆելի կառուցվածքը։

Ինչու է անհրաժեշտ իմանալ, թե ինչպես է աշխատում բորսան
Ֆոնդային բորսայի աշխատանքին ծանոթանալը, նույնիսկ բազային մակարդակում, կարող է փոխել ձեր պատկերացումն այն մասին, թե ինչպես կարելի է տնօրինել սեփական ֆինանսները։ Հասկացությունն այն մասին, որ բորսան ներկառուցված և վերահսկվող մեխանիզմներով հարթակ է, կօգնի կատարել առաջին ներդրումային քայլերը։ Շուկայի հետ արդեն ծանոթ մարդիկ ևս պետք է մշտապես վերլուծեն իրավիճակը, ծանոթանան նոր օրենքներին և գործիքներին։ Դա հարկավոր է տարբեր ռիսկերը նվազեցնելու և ներդրումը «հարմարացնելու» համար, ինչը ներառում է նախընտրելի ակտիվների որոշում, հարմար ծառայությունների որոնում, շփում հուսալի կազմակերպությունների և մասնագտետների հետ։
Աշխարհի խոշորագույն բորսաները
Ամենամասշտաբային բորսան NYSE–ն է (New York Stock Exchange)։ Այն հիմնադրվել է 1792թ․–ին։ Բորսայի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 25 տրիլիոն դոլար։
NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) երկրորդ խոշորագույն հարթակն է, աշխարհում առաջին էլեկտրոնային բորսան, որը հիմնադրվել է 1972թ․–ին։ Հենց այս բորսան է հնարավորություն ստեղծել զբաղվել ակտիվների առուվաճառքով ավտոմատացված ծառայությունների միջոցով։
Այս երկու բորսաներին է պատկանում աշխարհի շուկայական կապիտալիզացիայի ավելի քան 40 տոկոսը։
Շանհայի ֆոնդային բորսան Չինաստանի ամենամասշտաբային բորսան է, այն ասիական շուկայի առաջատարն է։ Հարթակը ստեղծվել է 1990թ․–ին։ Այն ներառում է երկու հատված, առաջինում իրականացվում է բաժնետոմսերի առուվաճառք յուանով, երկրորդում՝ դոլարով։ Բորսայի կապիտալիզացիան մոտ 7,6 տրիլիոն դոլար է։
Euronext–ը խոշորագույն եվրոպական հարթակ է։ Այն ստեղծվել է 2000թ․–ին՝ Փարիզի, Ամստերդամի և Բրյուսելի բորսաների ձուլման արդյունքում։ 2024թ․–ին Euronext–ի կազմում ներկայացված են նաև Պորտուգալիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Իտալիայի բորսաները։
Հայաստանի ֆոնդային շուկայի մասին
Հայաստանում միակ հարթակը Հայկական ֆոնդային բորսան է, որը ստեղծվել է 1997թ․–ին՝ որպես Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն։ Առաջին առևտրային նստաշրջանը տեղի է ունեցել 2001թ․–ի հուլիսի 6–ին։
2022թ․–ի հունիսին Վարշավայի ֆոնդայի բորսան ձեռք է բերել Հայկական ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի 65,03 տոկոսը։
Հայկական բորսայում իրականացվում են արժեթղթերի ցուցակում և գրանցում, կազմակերպվում են հրապարակային առուվաճառքներ, պահպանվում է տեղեկատվություն ընկերությունների մասին։ Այստեղ իրականացվում են բաժնետոմսերով, պարտատոմսերով և արժույթով գործարքներ։
2023թ․–ի տվյալներով, շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 384մլրդ դրամը։
Բորսայի հնգամյա ռազմավարության հիմնական ուղղություններից են ներդրումային բանկային և բրոքերային գործունեության զարգացումը՝ կապիտալի շուկա նոր դերակատարների ներգրավման նպատակով։ Եվ խոսքը ոչ միայն տեխնոլոգիաների, այլև մարդկանց հետ ճիշտ, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է, ինչի կապակցությամբ բորսան Հայաստանում նախաձեռնել է AMX Ակադեմիայի ստեղծում։

Եվ վերջում
Ֆոնդային բորսան կանոնակարգված շուկա է, որտեղ իրականացվում է արժեթղթերի առուվաճառք։
Բորսան ստեղծում է պայմաններ գործարքներ կատարելու համար, գրանցում և վերահսկում է գործարքների օրինականությունը, պաշտպանում է մասնակիցներին։
Ֆոնդային շուկայում ներկայացված հիմնական ակտիվներն են բաժնետոմսերը, պարտատոմսերը, ածանցյալ ֆինանսական գործիքները (ֆյուչերսներ և օպցիոններ)։
Շուկայում փոխգործակցում են լիցենզավորված կազմակերպություններ և ներդրողներ, որոնց անհրաժեշտ են միջնորդ ընկերություններ թղթերի գնման և վաճառքի համար։
Շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է բացել բրոքերային հաշիվ։ Հետո ներդրողները տնօրինում են իրենց ակտիվները ընկերության ծառայությունների միջոցով։ Նրանք կարող են ինքնուրույն կազմել պորտֆել և զբաղվել արժեթղթերի առուվաճառքով կամ լրացուցիչ մասնագետ վարձել։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

