Վեց սխալ, որոնք թույլ են տալիս սկսնակ ներդրողները
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Փողն ընդամենը ամենաիրացվելի ապրանքն է, ուրիշ ոչինչ, և պետք է հասկանալ, թե ինչ անել դրա հետ։ Freedom Academy Armenia–ի ղեկավար Գեորգի Մելքոնյանն անդրադարձել է այն վեց սխալներին, որոնք ամենից հաճախ կատարում են սկսնակ ներդրողները և ներկայացնել դրանցից խուսափելու միջոցները։
1․ Ռիսկի սխալ գնահատում

Ամենատարածված սխալներից է այն, որ մարդիկ ոչ միշտ են ընկալում ռիսկի և շահույթի հարաբերակցությունը։ Թե՛ բիզնեսում, թե՛ ներդրումներում, վաստակած գումարը պարգևն է որոշակի ռիսկի դիմելու համար։ Բազային ներդրումային ռազմավարությունները, ինչպիսին է բաժնետոմսեր գնելը նորությունների հիման վրա, կարող են ավելի շատ եկամուտ բերել, քան ավանդները՝ հաշվի առնելով Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքները: Բայց ասել, որ կարելի է դառնալ միլիոնատեր կամ միլիարդատեր, այդպես չի լինում ո՛չ արժեթղթերի շուկայում, ո՛չ էլ որևէ այլ շուկայում:
2․ Փողի ֆետիշացում

Կան մարդիկ, որոնց համար շատ դժվար է բաժանվել իրենց փողից, նույնիսկ եթե դրա կարիքը իսկապես ունեն։ Հայաստանի բնակիչները սովոր չեն վիրտուալ ակտիվներին և նախընտրում են արժեքավոր իրերը՝ կանխիկից մինչև ոսկու ձուլակտորներ, պահել տանը։
Մինչդեռ, ոսկու արժեթուղթ վաճառելը շատ ավելի հեշտ է, արագ և արդյունավետ՝ մեկ քլիքի միջոցով, բացի այդ, գործարքային ծախսերը ցածր են։ Որպեսզի փողն աշխատի, այն պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որպես ֆինանսական և կյանքի նպատակներին հասնելու գործիք։
3․ Հոգեբանական խոչընդոտ

Հայաստանում կան շատ գրագետ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է արժեթուղթը, բայց չգիտեն, թե ինչպես տնօրինել այն։ Մարդիկ ի վիճակի չեն հաղթահարել որոշակի հոգեբանական խոչընդոտը։ Նրանք սխալ են մեկնաբանում ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելու ռիսկը, քանի որ բորսաներում կարելի է ներդրումներ կատարել ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ բավականին պահպանողական ձևով։
4․ Ֆինանսական կրթվածության բացակայություն

Ֆինանսական կրթվածության բացակայությունը սկսնակ ներդրողների համար կորուստների հիմնական պատճառներից մեկն է: Խնդիրն այն է, որ ձախողվելուց հետո նրանք քիչ հավանական է, որ կրկին ներդրում կատարեն: Կա նաև խարդախության զոհ դառնալու կամ ֆինանսական բուրգի մեջ ներքաշվելու ռիսկ: Միայն ֆինանսապես կրթված մարդը կարող է դառնալ պոտենցիալ ներդրող: Եվ որքան շատ ֆինանսապես կրթված մարդիկ լինեն, այնքան ավելի զարգացած կլինի շուկան:
5․ Տեսություն առանց պրակտիկայի

Ֆինանսական կրթության մեջ ներդրում կատարելը ամեն ինչի հիմքն է։ Սակայն կարևոր է պահպանել տեսության և պրակտիկայի միջև հավասարակշռությունը։
Դպրոցի շրջանավարտները պետք է ունենան փողի, բանկային գործի և ներդրումների վերաբերյալ բազային գիտելիքներ, որպեսզի կարողանան դառնալ բազային ներդրողներ՝ անկախ իրենց ընտրած մասնագիտությունից: Համալսարանական կրթությունը պետք է լինի ավելի խորացված, բայց առանց մեծ ծավալի տեսության: Ներդրումների էությունը լիովին հասանելի կդառնա միայն այն ժամանակ, երբ մարդիկ տեսնեն, թե ինչպես է տեսականն աշխատում գործնականում:
6․ Տնտեսությունից դուրս

Հայաստանում ոչ բոլորն են հետևում ֆինանսական նորություններին՝ կարծելով, որ դրանք իրենց կյանքի վրա չեն ազդում։ Օրինակ, եթե սովորական մարդուն հարցնեք, թե ինչ է մտածում տոկոսադրույքների մասին, նա կասի. «Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար։ Դա ինձ վրա չի ազդի...»։ Բայց իրականում շատ լավ էլ ազդում է։
Երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ելույթ է ունենում, բոլորը լսում են, ապա վերլուծում՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է նա ասել և ինչ է նկատի ունեցել: Կա նույնիսկ կատակ. նա իր ելույթը սկսում է «Good Afternoon» խոսքերով, և մարդիկ ասում են. «It’s the most expensive «Good Afternoon» in the world»:
Կարևոր է հասկանալ, որ այն երկրի տնտեսությունը, որտեղ մարդիկ ֆինանսապես կրթված են, ճիշտ ձևով է աշխատում։
Ինչպես խուսափել սխալներից

Պետք է սկսել սեփական անձինց և հասկանալ, որ ինչ-որ բանի հասնելը հեշտ է, երբ ոչ միայն խոսում եք դրա մասին, այլև գործում եք: Մի վախեցեք կատարել առաջին քայլը: Դրանից հետո մնացածն ավտոմատ ստացվում է։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

