Երևանում այսուհետ բուժծառայությունների դիմաց թույլատրվում է վճարել միայն անկանխիկ. պարզում ենք, թե ինչպես է այդ ամենն աշխատում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 1–ից Երևանհ բուժհաստատություններում բոլոր տեսակի բուժծառայությունների դիմաց վճարն իրականացվում է միայն անկանխիկ։ Այս դրույթը գործում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին համաձայն և վերաբերում է ինչպես պոլիկլինիկաներին, այնպես էլ մայրաքաղաքի բժշկական կենտրոններին։
Մեկ տարի անց` 2023թ.–ի հուլիսի 1–ից, օրենքն ուժի մեջ կմտնի մարզկենտրոնների բուժհաստատություններում, իսկ 2024թ.–ի հուլիսի 1–ից` հանրապետության մնացած բոլոր բնակավայրերում։
Այս գործընթացի բոլոր նրբությունները պարզաբանելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հայցեր է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանն ու Կենտրոնական բանկին։
Բուժհաստատություններում վճարների քանի՞ տոկոսն է իրականացվում անկանխիկ
Ինչպես հայտնեցին ԱՆ–ից, Երևանում գտնվող Առողջապահության նախարարության ենթական բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների մատուցման ընդհանուր թվի մոտ 40%–ն իրականացվում է անկանխիկ եղանակով։
Բուժկենտրոնները պատրա՞ստ են նոր պահանջին
ԿԲ–ի տվյալներով, օրենքն ուժի մեջ մտնելու պահին՝ ս.թ. հուլիսի 1-ին, Երևանում գործող բուժհաստատությունները տեխնիկապես ապահովված են ընդունելու անկանխիկ վճարումներ:
Միաժամանակ ԿԲ–ից նշեցին, որ ներկայումս անկանխիկ վճարում է համարվում նաև վճարային տերմինալների միջոցով կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը:
Անկանխիկ վճարումներին անցնելու ֆինանսավորումը
ԱՆ–ից հայտնեցին, որ յուրաքանչյուր բուժհաստատություն իր միջոցների հաշվին է իրականացնում անկանխիկ վճարումների համակարգի ներդրման գործընթացը։
Իսկ ԿԲ–ից ընդգծեցին, որ Հայաստանի բուժհաստատություններն անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու համար պահանջվող ներդրումների ծավալի հաշվարկներ չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ դա բուժհաստատության և առևտրային բանկի, այսինքն՝ 2 տնտեսվարողների միջև հարաբերությունների հարց է:
Տեխնիկական հագեցվածություն
ԿԲ–ից նաև հայտնեցին, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ հնարավորինս մատչելի պայմաններով ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
Վերահսկման գործառույթներ
ԿԲ–ից նաև նշեցին, թե որ գերատեսչություն է վերահսկելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կատարումը։ Այսպես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի 1 կետի համաձայն՝ «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, ֆիզիկական անձանց և նոտարների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողության և աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-