Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում․ խնդիրներ և հեռանկարներ

20.02.2025, 11:02
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, ինչպիսի՞ն են դրա զարգացման հեռանկարները։ Որո՞նք են համակարգի նմանություններն ու տարբերությունները եվրոպական զարգացած երկրների նմանատիպ համակարգերից
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում․ խնդիրներ և հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․ /Նովոստի–Արմենիա/․ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, ինչպիսի՞ն են դրա զարգացման հեռանկարները։ Որո՞նք են համակարգի նմանություններն ու տարբերությունները եվրոպական զարգացած երկրների նմանատիպ համակարգերից: Այս հարցերին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Կարեն Հակոբյանը։

«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առաջիկա տարիներին։

Կ․ Հակոբյան․ իրագործեցինք ֆոնդի ներդրումների թույլատրելի ուղղությունների ընդլայնման ուղղությամբ օրենսդրական փոփոխությունները, որոնք 12.02.2025 թ․ընդունվել են երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Հուսով եմ կառավարիչները կօգտագործեն ներդրումային ընդլայնված այս հնարավորությունները և դրանց շնորհիվ ֆոնդերի եկամտաբերության ավելի լավ արդյունքները չեն ուշանա։

«Նովոստի–Արմենիա»․ որո՞նք են համակարգում առաջացող հիմնական խնդիրները կամ դժվարությունները։

Կ․ Հակոբյան․ տեղական ֆինանսական գործիքների սակավությունը, որոնք թույլատրվում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների համար, ամենանկատելին է։ Ֆոնդերը խոցելի են արտարժույթի փոխարժեքի ռիսկին, որը նվազեցնելու համար պետք է դրանք հեջավորել, սակայն այս պահին ածանցյալ գործիքների շուկայում այս պրոդուկտը դեռ սակավ մատչելի է։ Հիշեցնեմ, որ ակտիվների ապակենտրոնացված կառավարումն իրականացնում են երկու միջազգային հիմնադրամներ՝ Amundi Acba Asset Management-ը և C-QUADRAT Ampega Asset Management-ը, որոնք լիցենզավորված են և վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։

«Նովոստի–Արմենիա»․ համակարգի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան ապագայում։

Կ․ Հակոբյան․ մոտ ապագայում համակարգի հիմնական զարգացումները պետք է լինեն կուտակային բաղադրիչում մարդկանց ներգրավվածության ընլայնման (խոսքը հատկապես ինքնազբաղվածների մասին է) և տեղական ֆինանսական գործիքների խթանման ուղղություններով։ 

Ներկայումս պարտադիր կուտակային բաղադրիչը գտնվում է ակտիվների կուտակման փուլում, ՀՆԱ-ի մոտ 11.5% %-ի չափով (զուտ ակտիվների արժեքը 2024-ի վերջին՝ շուրջ 1.1 տրլն դրամ)։ Ժամանակի հետ այն բավականին մեծանալու է։ 2037 թվականին, երբ առաջին կենսաթոշակառուները կսկսեն ստանալ իրենց թոշակը այս համակարգից, պետք է արդեն ձևավորված լինի կյանքի ապահովագրության համակարգ, որը կապահովի որակյալ կյանքի ապահովագրության ծառայություններ թոշակի անցնող մարդկանց համար։ 

«Նովոստի–Արմենիա»․ խնդրում եմ համեմատեք Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եվրոպական զարգացած երկրների նմանատիպ համակարգերի հետ։ 

Կ․ Հակոբյան․ ՀՀ կուտակային բաղադրիչը կառուցված է անձնական ֆինանսավորմամբ (աշխարհում մասնավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը լինում է նաև գործատուի ֆինանսավորմամբ), սահմանված վճարների (DC-Defined contributions) սխեմայով գործարկվող կենսաթոշակային պլանների սկզբունքով։ Այս կամ այն տեսքով պարտադիր կուտակային կենսաթոշակային պլաններ ունեն Նիդերլանդները (գործատուի սխեմա, DB-Defined benefits), Ավստրալիան (գործատուի սխեմա, անձնական սխեմա, DC, DB, Hybrid), Չիլին (անձնական, DC), Կոլումբիան (անձնական, DC), Կոստա Ռիկան (գործատուի, DB, DC), Դանիան (անձնական, DC), Էստոնիան (անձնական, DC), Ֆինլանդիան (գործատուի, DB), Ֆրանսիան (գործատուի DB- Indemnités de fin de carrière (IFC)), Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Միևույն ժամանակ կարևոր է արձանագրել, որ համակարգը ներդնելուց ՀՀ-ում հաշվի են առնվել մի շարք երկրներից քաղած դասերը, մասնավորապես՝

  • պահպանվել է պետական բազային կենսաթոշակը` անկախ այն հանգամանքից, թե ինչքան ես կուտակել, սա նվազագույն սոցիալական երաշխիք է այն անձանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կուտակել իրենց կյանքի ընթացքում,

  •   մասնակցության տարիքային շեմ (1974թ. հունվարի 1 և դրանից հետո ծնվածներ); տարիքային շեմը ակտուարական բազմաթիվ հաշվարկների արդյունքում ցույց է տվել, որ ապահովում է ամենահաշվեկշռված կենսաթոշակը (փոխհատուցման գործակիցը) բոլոր սերունդների համար: 

  •     պարտադիր վճարների հավաքագրումն արվում է հարկային մարմնի կողմից կենտրոնացված կերպով, մասնակիցների ռեեստրավարումն ու պահառությունը՝ ևս կենտրոնացված է։ Հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման համակարգը համարվում է պետության սեփականությունը, ինչպես և Կենտրոնական դեպոզատարիայի կողմից վարվող մասնակիցների ռեեստրը, իսկ պահառության և ռեեստրավարման վճարը աշխարհում ամենացածրերից է՝ 0,05% զուտ ակտիվներից (պահպանողական ֆոնդ), 0,15% (կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդեր)։ 

  •    «կույր հաշիվների» համակարգը, որը ենթադրում է, որ ակտիվների կառավարիչները չգիտեն անհատապես ում միջոցներն են կառավարում: 

  •     պետական-մասնավոր համագործակցության վրա հիմնված կենտրոնացված ադմինիստրացիայի և պրոֆեսիոնալ ակտիվների կառավարիչների ներգրավման միջոցով ապահովել ենք աշխարհի ամենաարդյունավետ համակարգերից մեկը։ 

  •  անուիտետը սահմանվել է որպես վճարման հիմնական եղանակ, որի դեպքում ապահովագրական ընկերությունները երկարակեցության ռիսկը վերցնելու են իրենց վրա`վճարելով ցմահ անուիտետ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։