Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բանկային ավանդները հայաստանցիների դրամական միջոցները պահելու ամենատարածված միջոցներից են։ Իհարկե, այն շահավետ և հուսալի ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս խնայել և բազմապատկել քաղաքացիների կուտակումները։ Իսկ հիմա պատկերացրեք, որ դուք հաճախ կատարում ենք գումարի փոխանցման անկանխիկ գործարքներ կամ ուզում եք կանխիկացնել գումարը ցանկացած պահի։ Այս դեպքում ձեզ հարմար է մեկ այլ բանկային պրոդուկտ` խնայողական կամ, ինչպես այն հաճախ անվանում են, կուտակային հաշիվը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզում է, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից։
Ինչո՞վ է ավանդը տարբերվում խնայողական հաշվից
Բանկային ավանդը ֆիքսված դրամական գումար է, որը դուք փոխանցում եք բանկին որոշակի ժամանակով` պահելու և տոկոսներից եկամուտ ստանալու նպատակով։
Խնայողական (կուտակային) հաշիվը բանկային հաշիվ է, որին կարող եք ցանկացած պահի գումար փոխանցել և անհրաժեշտության դեպքում կանխիկացնել, ինչպես նաև եկամուտ ստանալ տոկոսներից։
Խնայողական հաշիվը գումար կուտակելու և միջոցներ բազմապատկելու ամենահարմար և արդյունավետ գործիքներից է, որից կարելի է օգտվել` անկախ եկամտի ծավալից։
Այն կարելի է համեմատել ցպահանջ դեպոզիտի հետ, քանի որ թույլ է տալիս ցանկացած պահի կանխիկացնել անհրաժեշտ գումար` չկորցնելով տոկոսները։
Սակայն կուտակային հաշիվը և «դասական» բանկային ավանդն, այնուամենայնիվ, տարբերվում են։
1. Ավանդի տոկոսադրույքը սահմանված է ներդրման ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ խնայողական հաշվի տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի հայեցողությամբ:
2. ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները տատանվում են 4,55-ից մինչև 10%` կախված չափից, ժամկետից, ավանդի տեսակից և այլ պարամետրերից: Խնայողական հաշիվների տոկոսադրույքները մի փոքր ավելի ցածր են `տարեկան 1,5-ից 9,5%` կախված ժամկետից և գումարի չափից:
3. Խնայողական հաշվի տոկոսները կարող են հաշվեգրվել հետևյալ եղանակներից որևէ մեկով. ամսվա կամ եռամսյակի ընթացքում հաշվի նվազագույն մնացորդով, պայմանագրի պայմանների համաձայն՝ որոշակի մնացորդով, օրվա ընթացքում հաշվի վրա գրանցված նվազագույն օրական մնացորդով:
4. Ավանդի ժամկետը որոշվում է պայմանագրով, իսկ խնայողական հաշիվն անժամկետ է:
5. Որոշ ավանդներ չեն կարող համալրվել (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), իսկ խնայողական հաշիվը համալրվում է ցանկացած պահի:
6. Ավանդների մեծ մասից հնարավոր չէ գումար կանխիկացնել առանց հաշվեգրված տոկոսները կորցնելու, իսկ խնայողական հաշվից ցանկացած պահի կարելի է գումար հանել:
7. Ավանդ բացելը խորհուրդ է տրվում երկարաժամկետ նպատակներով՝ սկսած մեկ տարի ժամկետով, իսկ խնայողական հաշիվը նախատեսված է ավելի կարճաժամկետ նպատակների համար` ելնելով ավանդատուի գումարային կարիքներից:
Ինչպե՞ս հասկանալ, թե որն է ավելի շահավետ՝ ավա՞նդը, թե՞ խնայողական հաշիվը
Ընտրելով խնայողական հաշվի և ավանդի միջև՝ պետք է հասկանալ, որ դրանք երկու տարբեր բանկային պրոդուկտներ են՝ իրենց լավ և վատ կողմերով, որոնց նշանակությունը կարող եք գնահատել միայն դուք: Նախ պետք է կողմնորոշվել, թե ինչի համար եք ուզում գումար խնայել:
Խնայողական հաշիվն ավելի շահավետ է նրանց համար, ովքեր պետք է անորոշ ժամանակով մեծ գումար ապահով պահեն: Օրինակ, եթե դուք ծրագրում եք բնակարան գնել և համապատասխան գումար ունեք ձեռքի տակ, ապա այն պետք է հասանելի լինի ցանկացած պահի, երբ ձեզ համար շահավետ տարբերակ հայտնվի: Տանը մեծ գումար պահելը վտանգավոր է և ոչ շահավետ: Այս դեպքում նման հաշիվը կատարյալ տարբերակ է, քանի որ նման հնարավորություններով սովորական ավանդը կունենա շատ ցածր տոկոսադրույք: Խնայողական հաշիվը հարմար է նաև նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտվում են իրենց խնայողություններից, ինչպես նաև կանոնավոր կերպով դրանք համալրում են:
Եթե մտադիր եք ետ գցել որոշակի գումար, և հաստատ գիտեք, որ այն առաջիկայում պետք չի գա, ապա ձեզ համար առավել շահավետ է գտնել ավանդի առաջարկ` առավելագույն տոկոսադրույքով:
Ընտրություն կատարելիս հաշվի առեք, որ միջոցները, որոնք դրվում են ինչպես ավանդներում, այնպես էլ խնայողական հաշիվներում, ենթակա են պետական ապահովագրության, ինչը թույլ է տալիս պաշտպանել ավանդատուների իրավունքներն ու շահերը:
Հայաստանում դա արվում է ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Եթե բանկին ինչ-որ բան պատահի, օրինակ, նրա լիցենզիան չեղյալ համարվի կամ այն ճանաչվի սնանկ, Հիմնադրամը կփոխհատուցի ավանդատուների միջոցները` «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն: Երաշխավորված դրամային ավանդի առավելագույն չափն այսօր 10 միլիոն դրամ է, իսկ արտարժույթով ավանդը`5 միլիոն դրամին համարժեք դրամ:
Ամեն դեպքում, հիշեք, յուրաքանչյուրն իր հայեցողությամբ է ընտրում անձնական խնայողությունները պահելու տարբերակը: Բանկերի կողմից առաջարկվող բոլոր տարբերակները ունեն առավելություններ և թերություններ: Բայց եթե հստակ գիտեք, թե ինչ եք ուզում, ապա դժվար չի լինի կողմնորոշվել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–